Absatz.media․ Երևանի արտաքին քաղաքականությունը
Կարդացեք նաև
Ռուսաստանյան Absatz.media լրատվական պարբերականն ծավալուն անդրադարձ է կատարել Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումներին, Եվրոպական միության հետ հարաբերությունների ներկայիս փուլին և Մոսկվայի հետ տնտեսական ու քաղաքական հարաբերություններում նկատվող լարվածությանը։
Պարբերականի գնահատմամբ՝ Երևանի իշխանությունները փորձում են համատեղել Եվրոմիության հետ մուտքի վիզաների ազատականացման գործընթացը, զինված ուժերում հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) չափանիշների ներդրումն ու Ռուսաստանի Դաշնությունից ստացվող ֆինանսական հոսքերը։ Սակայն, ըստ հոդվածագրի, ակնկալվող արդյունքների փոխարեն հայկական կողմը Բրյուսելից ստանում է զսպված արձագանքներ, իսկ Մոսկվայի հետ հարաբերություններում՝ տնտեսական խոչընդոտներ։
Հոդվածում մասնավորապես ուշադրություն է հրավիրվում Եվրոհանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Պաուլա Պինյոյի հայտարարության վրա, որտեղ վերջինս նշել էր, թե դեռևս վաղ է կանխատեսել, թե արդյոք 2029 թվականը կամ մեկ այլ ժամկետ կդառնա վիզաների ազատականացման հստակ փուլ։ Absatz.media-ն նկատում է, որ սա հակասում է Հայաստանի ղեկավարության նախկինում հնչեցրած լավատեսական կանխատեսումներին, ինչը տեղական քաղաքական դաշտում ընդդիմադիր գործիչների կողմից որակվել է որպես իրականությանը չհամապատասխանող խոստում։
Զուգահեռաբար, անդրադարձ է կատարվում հայկական բանակում զինվորական ողջույնի կարգը փոխելու շուրջ ընթացող քննարկումներին, ինչը դիտարկվում է որպես խորհրդային և ռուսական զինվորական ավանդույթներից հեռացման և ՆԱՏՕ-ի մոդելին մոտենալու փորձ։ ՀՀ պաշտպանության նախարարությունը, ըստ աղբյուրի, հաստատել է նման քննարկումների առկայությունը, թեև վերջնական որոշում դեռևս չի կայացվել։
Տնտեսական տիրույթում պարբերականը շեշտում է «Ռոսսելխոզնադզոր»-ի կողմից հայկական ապրանքների, մասնավորապես՝ բուսական և ձկնային արտադրանքի նկատմամբ փուլ առ փուլ սահմանված սահմանափակումները։ Ի պատասխան՝ Հայաստանի տնտեսական գերատեսչությունը բողոք է ներկայացրել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մարմիններին՝ պնդելով, որ ռուսական կողմի գործողությունները հակասում են միության սկզբունքներին։
Վերլուծության մեջ շոշափվում են նաև Ռուսաստանի քաղաքացիների համար հնարավոր վիզային ռեժիմի սահմանման մասին շրջանառվող լուրերը, ինչը, ըստ փորձագիտական կարծիքների, կարող է էական վնաս հասցնել Հայաստանի զբոսաշրջությանն ու դրամական փոխանցումների ծավալին։ Բացի այդ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանի դիտարկմամբ՝ ընդդիմադիր գործիչների, այդ թվում՝ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդումները փորձ է արվում օգտագործել որպես քաղաքական գործոն Մոսկվայի հետ երկխոսությունում, ինչն, ըստ նրա, արդյունավետ լինել չի կարող։
Հետևեք մեզ նաև Telegram-ում