Ո՞վ կպաշտպանի Սամվել Բալասանյանին

Գյումրիում իրավիճակը խիստ անհանգիստ է: Ինչպես արդեն տեղեկացրել էր Times.am գործակալությունը, գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակը, իմանալով, որ ՀՀԿ-ն մտադիր չէ սպասվող ՏԻՄ ընտրություններում պաշտպանել հոր թեկնածությունը, հայհոյանքներով ու սպառնալիքներով եկել է Սամվել Բալասանյանի տան մոտ: Դեպքը միանգամից լայն արձագանք է ստացել Գյումրու բնակիչների շրջանում, որոնց մի մասն էլ բաց նամակով դիմել է «Հայաստանի բարձրագույն ղեկավարությանը»:

Նամակում մասնավորապես, ասված է. «Հարգելի կենտրոնական իշխանություններ, երեկ, երբ Գյումրի այցելեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և պարզ դարձավ, որ գալիք ընտրություններում իր թեկնածությունը չի առաջադրի Վարդան Ղուկասյանը, Գյումրին վերածվեց մեծ համակենտրոնացման ճամբարի: Վերջինիս որդին’ Սպարտակ Ղուկասյանը, իր շրջապատի և հոր թիկնապահների հետ միասին սկսել է ահաբեկել մարդկանց, հայտարարելով, որ ոչ ոք չի կարող իր հորը ստիպել, չառաջադրել իր թեկնածությունը: Սպարտակի գլխավորած բանդաները հենց այս պահին մարդիկ են հավաքագրում, որպեսզի վաղը և մյուս օրը բողոքի հանրահավաք կազմակերպեն քաղաքի կենտրոնական հրապարակում, ինչպես որ արել էին երեկ’ Հովիկ Աբրահամյանի այցի ժամանակ: Մարդիկ վախեցած են և ստիպված խոսք են տալիս, որ անպայման կգան, բոլորին ցուցակագրում են, արդեն իսկ եղել են նաև ծեծի դեպքեր, մասնավորապես իրենց հարազատ Սլաբոտկա թաղամասում: Սպարտակը բոլորին ասում է, որ իրենք թքած ունեն Երևանում նստած ցանկացած ուժի և մարդու որոշման վրա: Խնդրում ենք’ զորք մտցրեք գյումրի, պաշտպանեք մարդկանց այդ վայրենիներից, մարդիկ սարսափած են»:

Ինչպես կարելի է դատել նամակի բովանդակությունից, վիճակն իսկապես խիստ լարված է: Եվ, բնականաբար, այն չի կարող չանհանգստացնել նաև Սամվել Բալասանյանին ու նրա կողմնակիցներին: Թերևս այդ է պատճառը, որ վերջինիս օգնականը՝ Զոհրապ Եգանյանը, Facebook սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է այդ խնդրին: «Ես զարմանում եմ, միթե այդքան թույլ է Հայաստանում իշխանությունը, երբ այդքանից հետո Վարդանիկի տղեն էլի խաղեր է տալիս, ու գնում է մարդու տան վրա: Տան վրա գնալն ընդհանրապես տականքություն է: Ամեն արածի համար ամեն մարդ պատասխան պետք է տա», – գրել է Բալասանյանի օգնականը, որը մեկնաբանություններից մեկում նշել է նաև, որ Վարդան Ղուկասյանին ու նրա որդու անունով երդվող գյումրեցիները շուտով երդման այլ «օբյեկտ» կունենան: Կապրենք, կտեսնենք: Հիմա ավելի հետաքրքիր է բոլորովին այլ հարցի պատասխան. Ո՞վ կպաշտպանի Սամվել Բալասանյանին Ղուկասյանների «բեսպրեդելից»: Եթե նրա օգնականը խոսում է իշխանությունների թուլության մասին, ապա պետք է ենթադրել, որ Բալասանյանը որոշակի աջակցություն է ակնկալում նրանցից: Այդ դեպքում հարց է առաջանում, թե որտե՞ղ է ԲՀԿ-ն: Միթե՞ Ծառուկյանի կուսակցությունն ի վիճակի չէ պաշտպանելու Բալասանյանին Գյումրու խուժանից: Իսկ եթե քաղաքապետի թեկնածուի օգնականը «իշխանություն» ասելով ինկատի ունի օրինապահ մարմիններին, ապա պետք է պարզել իր հասցեին հնչեցրած հայհոյանքների ու սպառնալիքների կապակցությամբ Բալասանյանը դիմե՞լ է ոստիկանություն, թե՝ ոչ: Իհարկե, այս հարցերը շուտով կստանան իրենց պատասխանները: Ընդ որում, այդ պատասխանները կարող են սպասվածից ավելի խոսուն լինել: Սակայն անկախ դրանց բովանդակությունից, ակնհայտ է, որ Գյումրում լուրջ փոփոխություններ են անհրաժեշտ: Միայն այդ պարագայում Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքը վերածնվելու, շնչելու և զարգանալու հնարավորություն կստանա:

Սևակ ՄՈԿԱՑԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում