Բաքվի բանտից մինչև ազգային դիմադրություն․ Արցախի գեներալի 61-ամյակը

Բաքվի բանտից մինչև ազգային դիմադրություն․ Արցախի գեներալի 61-ամյակը

Սեպտեմբերի 14-ին լրանում է Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի 61-ամյակը։ Ռազմական վաստակաշատ գործիչը ծննդյան տարեդարձն արդեն երրորդ տարին անընդմեջ ստիպված է դիմավորել ադրբեջանական անազատության մեջ՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից Բաքվում գտնվելով ապօրինի գերության մեջ։

Լևոն Մնացականյանը ծնվել է 1965 թվականի սեպտեմբերի 14-ին, Ստեփանակերտում։ 1983-1985 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում, իսկ 1989 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ Արցախյան առաջին պատերազմի սկզբից ի վեր նա լծվել է հայրենիքի պաշտպանության գործին՝ անցնելով հրամանատարական բարդ ուղի և տարիներ ի վեր գլխավորելով Արցախի զինված ուժերը։

Բաքվի բանտերում հայ ռազմաքաղաքական ղեկավարության, այդ թվում՝ գեներալ Մնացականյանի դեմ կազմակերպվող շինծու դատավարություններն ու ապօրինի քրեական հետապնդումները վաղուց դուրս են եկել անհատական մեղադրանքների սահմաններից։ Միջազգային իրավունքի կոպտագույն ոտնահարմամբ ընթացող այս գործընթացներով Ադրբեջանը փաստացի թիրախավորում է Հայաստանի պետականությունն ու ողջ հայ ժողովրդին՝ փորձելով դատապարտել Արցախի ազգային-ազատագրական պայքարն ու հայկական զինված ուժերի պատմական դերը։

Չնայած ֆիզիկական վտանգին, ազատազրկման ծանր պայմաններին և քաղաքական ճնշումներին՝ Բաքվում պահվող հայ գերիները, ի դեմս Լևոն Մնացականյանի, շարունակում են դրսևորել կամք ու արժանապատվություն՝ հրաժարվելով ուրանալ անցած ճանապարհն ու սեփական ժողովրդի պատմական իրավունքները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում