«Գանձասարում ցուցադրվել են միայն կրկնօրինակները»․ Մատենադարանի տնօրենի պարզաբանումը «Ազատությանը»

«Գանձասարում ցուցադրվել են միայն կրկնօրինակները»․ Մատենադարանի տնօրենի պարզաբանումը «Ազատությանը»

«Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան», – «Ազատության» հետ զրույցում նշել է Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի կողմից Գանձասարի Մատենադարանում իրականացված բեմականացմանը։

Նախօրեին ադրբեջանցի պաշտոնյան դիվանագետների ներկայությամբ բացել էր ցուցասրահում գտնվող ձեռագրերի մակետներն ու ցույց տվել դրանց դատարկ էջերը, ինչին ներկաներն արձագանքել էին ծիծաղով՝ փորձելով կասկածի տակ դնել հայկական պատմամշակութային ժառանգության իսկությունը։

«Ազատության» հետ զրույցում Արա Խզմալյանը պարզաբանել է, որ որևէ բնօրինակ ձեռագիր երբևէ չի տեղափոխվել Գանձասար՝ հաշվի առնելով անվտանգության և պահպանության հատուկ համակարգերի բացակայությունը։

«Գանձասարում ցուցադրվել են միայն ձեռագրերի կրկնօրինակները: Դրանցից յուրաքանչյուրի բնօրինակը պահպանվում է Մատենադարանում: Մատենադարանը պատրաստ է դրանք ցույց տալ յուրաքանչյուր դիվանագետի, դեսպանի, ով մեկ տոկոս անգամ կասկածում է դրանց իսկությանը», – ընդգծել է Մատենադարանի տնօրենը։

Խզմալյանը նաև փոխանցել է, որ Գանձասարում պահպանված և այժմ Մատենադարանում գտնվող ամենահին հայկական ձեռագիրը թվագրվում է 909 թվականին և կոչվում է «Վեհափառի Ավետարան»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում