Արկտիկայի նոր ռազմավարությունը. ԵՄ-ն պատրաստվում է հոկտեմբերյան փոփոխություններին

Արկտիկայի նոր ռազմավարությունը. ԵՄ-ն պատրաստվում է հոկտեմբերյան փոփոխություններին

Եվրոպական Միությունը նախատեսում է հոկտեմբերին հանրայնացնել Արկտիկայի տարածաշրջանին վերաբերող թարմացված ռազմավարությունը, որը կներառի անվտանգության, ենթակառուցվածքների զարգացման և տարածաշրջանային կարողությունների ընդլայնման կոնկրետ ծրագրեր։ Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում մեկնարկած Եվրոպական արկտիկական գագաթնաժողովի շրջանակում այս մասին հայտարարել է Եվրոմիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։

Ըստ Եվրոդիպլոմատիայի ղեկավարի՝ նոր փաստաթղթում առանցքային տեղ են զբաղեցնելու այն հարցերը, որտեղ անվտանգության ապահովումը սերտորեն հյուսված է կլիմայական փոփոխությունների և բնապահպանական մարտահրավերների հետ։ Այս համատեքստում Կալասը մտահոգություն է հայտնել առևտրային նավագնացության և պատժամիջոցների շրջանցման նպատակով օգտագործվող նավերի վերաբերյալ՝ ընդգծելով արկտիկական ջրերում հնարավոր էկոլոգիական ռիսկերն ու տարածաշրջանային անվտանգության վրա դրանց ազդեցությունը։

Բրյուսելում ուշադրությամբ հետևում են նաև Ծայրագույն Հյուսիսում Ռուսաստանի ռազմական ու ենթակառուցվածքային ներկայությանը։ Խորհրդային տարիների ռազմաբազաների վերագործարկումն ու տարածաշրջանում իրականացվող փորձարկումները դիտարկվում են որպես Արկտիկայի ռազմավարական նշանակության աճի վկայություն, ինչն անմիջականորեն ազդում է համաեվրոպական անվտանգային օրակարգի վրա։

Միևնույն ժամանակ, կլիմայի փոփոխությունն ու սառույցների մակերեսի կրճատումը բացում են նոր ծովային երթուղիներ՝ մեծացնելով Արկտիկայի տնտեսական և լոգիստիկ հետաքրքրությունը միջազգային դերակատարների համար։ Ստեղծված իրավիճակում Եվրոմիությունը նպատակադրված է ուժեղացնել իր դիրքերը, ինչը ենթադրում է նաև տեխնիկական հագեցվածության, մասնավորապես՝ սառցահատ նավատորմի ընդլայնման շուրջ քննարկումներ։ Չնայած Գրենլանդիայի հարցը գագաթնաժողովի առանձին օրակարգում ընդգրկված չէ, տարածաշրջանային անվտանգության և կլիմայական մարտահրավերների համատեքստում այն նույնպես մնում է եվրոպական գործընկերների ուշադրության կենտրոնում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում