Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»
Կարդացեք նաև
«Փաստ» օրաթերթը գրում է. Երկրի անվտանգային միջավայրն ու առկա հրատապ խնդիրները շարունակում են մնալ հանրային ուշադրության կենտրոնում։ Առաջնագծում տիրող իրավիճակը, սահմանների պահպանության արդյունավետությունն ու ցուրտ ամիսների շեմին սպասվող մարտահրավերները պահանջում են հստակ հաշվարկներ և պետական պատասխանատվություն, ոչ թե լոկ հայտարարություններ։
Այս հարցադրումների շուրջ «Փաստ» թերթի հետ զրույցում իր դիտարկումներն է ներկայացրել «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը։
Անդրադառնալով անվտանգային հիմնական մարտահրավերներին՝ նա նկատել է, որ, չնայած առկա բարդություններին, պաշտպանական համակարգը որոշակիորեն գործում է և իրականացնում է, օրինակ, հայթուրքական սահմանի պահպանությունը։
Սակայն խորհրդարանում ընթացող քննարկումների համատեքստում, թե ով պետք է պահի այդ սահմանը, Կարապետյանը հնչեցրել է կոշտ դիտարկում. «Այն պատասխանատուներին, ովքեր պնդում են, թե մեր սահմանապահները պատրաստ են ստանձնել այդ առաքելությունը, առաջարկում եմ նախ ապահովել հայ-ադրբեջանական սահմանի լիարժեք պահպանությունը։ Սա մեղադրանք չէ. այն պայմաններում, որոնք ստեղծվել են իշխանության գործողությունների հետևանքով, հայ զինվորը հերոսաբար իրականացնում է իր առջև դրված խնդիրները»։
Պաշտպանության նախկին նախարարի համոզմամբ՝ սահմանի անձեռնմխելիության համար միայն զինվորի առկայությունն ու մարտական կամքը բավարար չեն. վճռորոշ են քաղաքական ճիշտ որոշումներն ու հավասարակշռված արտաքին հարաբերությունները։ Նա արձանագրել է, որ այսօր փաստացի կորսված են դիրքերը Մոսկվայում, առանձնահատուկ դիրքեր չեն ձևավորվել Վաշինգտոնում, իսկ Եվրոպայի հետ հարաբերությունները կրում են լոկ ձևական բնույթ։
Հատուկ շեշտադրում է կատարվել առաջիկա ցուրտ ամիսներին պետության պատրաստվածության խնդրին։ Բանախոսը մտահոգություն է հայտնել, որ երկրի էներգետիկ և տնտեսական պատրաստվածության վերաբերյալ որևէ հստակություն չկա, մինչդեռ շատ պետություններ դեռ ամռանն են ամփոփում համապատասխան հաշվետվությունները։
«Հայաստանում, կարծես, մոռացել են, որ ապրում ենք բարդ կլիմայական պայմաններում։ Կառավարությունը որդեգրում է եվրոպական օրենքներ, հայտարարում սահմաններ պահելու մասին, սակայն հստակեցված չէ, թե ինչպես ենք հաղթահարելու ձմեռը»,- ընդգծել է Կարապետյանը՝ հավելելով, որ անհրաժեշտ է անհապաղ հրավիրել կառավարության նիստեր և հանրությանը ներկայացնել գործողությունների հստակ ծրագիր՝ հնարավոր ճգնաժամերին դիմակայելու համար։
Եզրափակելով միտքը՝ Արշակ Կարապետյանը շեշտել է, որ, որպես հետախույզ, իր պարտքն է զգուշացնել հնարավոր վտանգների մասին, որպեսզի արվեն ճիշտ եզրակացություններ։ Նրա համոզմամբ՝ էներգետիկ անվտանգությունը ժամանակակից աշխարհի կարևորագույն սյուներից է, և պետության ղեկավարի առաջնային նպատակը պետք է լինի պետական շահի սպասարկումը, «այլ ոչ թե սեփական պաշտոնը պահելը»։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Հետևեք մեզ նաև Telegram-ում