TURKMENPORTAL. «Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան»

TURKMENPORTAL. «Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան»

Նիկոլ Փաշինյանը առաջիկայում աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան։ Այս մասին TURKMENPORTAL պարբերականի փոխանցմամբ՝ հայտարարել է Աշխաբադում Հայաստանի դեսպան Արսեն Ավագյանը՝ Հայաստանի Անկախության 35-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելության ընթացքում։

Դիվանագետի գնահատմամբ՝ սպասվող այցը լրացուցիչ հնարավորություններ կստեղծի երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը շարունակելու և գործնական համագործակցությունը զարգացնելու համար։

TURKMENPORTAL-ը հայտնում է, որ նախատեսվում է նաև Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի պատասխան այցը Երևան, որը կզուգադիպի 2026 թվականին Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) հետ։

Հայաստանի դեսպանն ընդգծել է, որ վերջին տարիներին հայ-թուրքմենական քաղաքական երկխոսությունը նկատելիորեն ակտիվացել է։ Որպես դրա վառ ապացույց՝ նա հիշատակել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի երեք այցելությունները Թուրքմենստան (2024 թ․ հոկտեմբերին, 2025 թ․ օգոստոսին և դեկտեմբերին)։ 2025 թվականի դեկտեմբերին կայացած այցի ընթացքում Խաչատուրյանը հանդիպել էր Սերդար Բերդիմուհամեդովի հետ՝ քննարկելով քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային, էներգետիկ, հաղորդակցության և ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցեր։

Ըստ TURKMENPORTAL-ի՝ Հայաստանի Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումը տեղի է ունեցել Աշխաբադի «Յըլդըզ» հյուրանոցում, որին մասնակցել են Թուրքմենստանի Նախարարների կաբինետի փոխնախագահ Գուվանչ Ագաջանովը, դիվանագիտական կորպուսի, գիտական ու բիզնես շրջանակների ներկայացուցիչներ, ինչպես նաև տեղի հայ համայնքի անդամներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում