IRNA․ Թեհրանը ՄԱԿ-ում ԱՄՆ-ին է փոխանցել իր պահանջները․ Իրանի ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել

IRNA․ Թեհրանը ՄԱԿ-ում ԱՄՆ-ին է փոխանցել իր պահանջները․ Իրանի ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել

Թեհրանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում, Կատարի միջնորդությամբ, կապ է հաստատել ԱՄՆ-ի հետ և ամերիկյան կողմին փոխանցել իր պահանջները։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։

Ինչպես հաղորդում է IRNA լրատվական գործակալությունը (հղում անելով Իրանի պետական հեռուստատեսությանը), Բաղային մանրամասնել է, որ փոխգործակցության հիմնական նպատակը Թեհրանի նախապայմանները Վաշինգտոնին հասցնելն էր։

«Այդ պահանջների թվում են՝ բոլոր ուղղություններով պատերազմի դադարեցումը, ԱՄՆ-ի ագրեսիվ գործողությունների, ծովային շրջափակման և տնտեսական պատերազմի ավարտը, ինչպես նաև իրանական սառեցված ակտիվների ապաբլոկավորումն ու մի շարք այլ պայմաններ»,- նշել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ ամերիկացի պաշտոնյաները Նյու Յորքում շուրջ երեք ժամ տևած հանդիպում են անցկացրել Իրանի պատվիրակության հետ, և հավելել, որ բանակցություններն «անցել են շատ լավ»։

IRNA-ի փոխանցմամբ՝ իրանական պետական հեռուստատեսությունը ևս հաստատել է հանդիպման փաստը՝ հայտնելով, որ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Նյու Յորքում հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչներ Ստիվ Վիտկոֆի և Ջարեդ Կուշների հետ։ Հաղորդվում է, որ բանակցությունները կայացել են «ամերիկյան կողմի պնդմամբ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում