«Հարավային Կովկասում խաղաղությունը չի կարող կառուցվել էթնիկ զտումների վրա»․ CSI-ի հայտարարությունը ՄԱԿ-ում
Կարդացեք նաև
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 63-րդ նստաշրջանի ընթացքում «Քրիստոնեական համերաշխություն միջազգային» (Christian Solidarity International – CSI) կազմակերպության հանրային պաշտպանության տնօրեն, դոկտոր Ջոել Վելդկամպը հանդես է եկել ելույթով՝ նվիրված Արցախին (Լեռնային Ղարաբաղին)։ Հայտարարությանը միացել էին նաև Իրավունքի և արդարադատության եվրոպական կենտրոնը (ECLJ) և Եկեղեցիների համաշխարհային ալյանսը (WEA)։
Իր ելույթում Վելդկամպն ընդգծել է, որ լրանում է երեք տարին, ինչ Ադրբեջանը գրավեց Լեռնային Ղարաբաղը և այն ամբողջությամբ դատարկեց հայ քրիստոնյա բնակչությունից։ Նա արձանագրել է, որ Ադրբեջանը մինչ օրս շարունակում է արգելափակել 150 000 տեղահանված հայերի վերադարձն իրենց տներ՝ արհամարհելով Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը։
Բացի այդ, նշվել է, որ Ադրբեջանում քաղաքական դրդապատճառներով ապօրինի պահվում է 20 հայ գերի, և շարունակվում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը, որի վերջին դեպքերից էր Շուշիի մոտակայքում գտնվող միջնադարյան գերեզմանատան ավերումը։
Հայտարարության մեջ խոր մտահոգություն է հայտնվել նաև այն փաստի առնչությամբ, որ 150 դիվանագետներից բաղկացած խումբը մասնակցել է Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումների ենթարկված քաղաքներում կազմակերպված շրջայցին, որի ընթացքում ադրբեջանցի պաշտոնյաները միջնադարյան հայկական եկեղեցիները կեղծորեն ներկայացրել են որպես այլ ժողովրդի պատկանող հուշարձաններ։
«Հարավային Կովկասում խաղաղությունը չի կարող կառուցվել էթնիկ զտումների, քաղաքական դրդապատճառներով իրականացվող ապօրինի կալանավորումների և մշակութային ոչնչացման վրա»,- հայտարարել է Վելդկամպը՝ կոչ անելով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին գործնական քայլեր ձեռնարկել Արցախի հայերի անվտանգ վերադարձն ու իրավունքների լիարժեք պաշտպանությունն ապահովելու համար, այդ թվում՝ աջակցելով Շվեյցարիայի խորհրդարանի կողմից նախաձեռնված խաղաղության ֆորումին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում