Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»

Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Հանրային քննարկման ներկայացված նախագծով առաջարկվում է լրացում կատարել կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 5-ի թիվ 280-Ն հրամանում։ Հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների հանրապետական առարկայական օլիմպիադաների կազմակերպման և անցկացման գործող կարգով մայրենիի (ընթերցանություն) օլիմպիադային կարող են մասնակցել 5-րդ և 6-րդ դասարանների սովորողները։ Ընթերցանության նկատմամբ սովորողների հետաքրքրության խթանման, ընթերցողական կարողությունների զարգացման և գրականության նկատմամբ հետաքրքրված սովորողների բացահայտման նպատակով անհրաժեշտություն է առաջացել ընդլայնել օլիմպիադայի շրջանակը՝ հնարավորություն ընձեռելով նաև 7-8-րդ դասարանների սովորողներին մասնակցելու գրականության (ընթերցանություն) օլիմպիադային։

Ընթերցանության կարողությունների զարգացումը շարունակական գործընթաց է և կարևոր նշանակություն ունի ոչ միայն լեզվական ու գրական կրթության, այլև մյուս ուսումնական առարկաների արդյունավետ ուսումնառության համար։ Տեքստը հասկանալու, հիմնական միտքն ու անհրաժեշտ տեղեկատվությունն առանձնացնելու, տարբեր աղբյուրներից տեղեկատվությունը համադրելու, կարդացածը մեկնաբանելու և եզրահանգումներ կատարելու կարողությունները նպաստում են սովորողի ընդհանուր ուսումնառության արդյունավետությանը։ Միաժամանակ, 7-8-րդ դասարաններում սովորողները գործ ունեն ավելի բարդ կառուցվածք և տարբեր բնույթի տեղեկատվություն պարունակող տեքստերի հետ, ուստի անհրաժեշտ է ապահովել ընթերցանության կարողությունների զարգացման շարունակականությունը նաև այս տարիքային խմբում։

Ընթերցանության օլիմպիադան առաջին անգամ իրականացվել է 2024-2025 ուսումնական տարում, իսկ 2025-2026 ուսումնական տարում դպրոցական փուլին մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 17 900 սովորող, որոնցից ավելի քան 15 000-ը փաստացի մասնակցել է։

Նախագծի նպատակն է ընդլայնել սովորողների՝ գրականության և ընթերցանության ոլորտում իրենց գիտելիքներն ու կարողությունները դրսևորելու հնարավորությունները, խթանել ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունը և ապահովել ընթերցանության կարողությունների շարունակական զարգացումը՝ ներառելով նաև 7-8-րդ դասարանների սովորողներին։

Առաջարկվող կարգավորմամբ կընդլայնվի օլիմպիադայի մասնակիցների տարիքային շրջանակը՝ հնարավորություն ընձեռելով միջին դպրոցի սովորողներին ևս դրսևորելու ընթերցանության և գրականության ոլորտում իրենց կարողությունները։ Միաժամանակ, օլիմպիադայի առաջադրանքների բովանդակությունը նպատակահարմար է համապատասխանեցնել սովորողների տարիքային առանձնահատկություններին՝ շեշտադրելով ոչ միայն գրական ստեղծագործության բովանդակության իմացությունը, այլև տեքստի ըմբռնման, վերլուծության, մեկնաբանության, տեղեկատվության համադրման և հիմնավորված եզրահանգումներ կատարելու կարողությունները։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում