ԱՄՆ սենատորները պահանջում են Թրամփի վարչակազմից Բաքվի վրա ճնշում գործադրել քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար
Կարդացեք նաև
ԱՄՆ երեք սենատորներ՝ Փիթեր Ուելչը, Թիմ Քեյնը և Թոմ Թիլիսը, դիմել են Թրամփի վարչակազմին՝ կոչ անելով ճնշում գործադրել Ադրբեջանի վրա ավելի քան 300 լրագրողների, ընդդիմադիր առաջնորդների և քաղաքացիական հասարակության ակտիվիստների ազատ արձակման համար։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոյին ուղղված նամակում օրենսդիրները նշել են, որ կալանավորների ազատ արձակումը պետք է դառնա Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրի մշակման նախապայման։ Նրանք որպես հնարավոր մոդել մատնանշել են Բելառուսում քաղբանտարկյալներին ազատ արձակելու ուղղությամբ Վաշինգտոնի գործադրած ջանքերը։
Սենատորներն իրենց մտահոգությունն են հայտնել Իլհամ Ալիևի իշխանության օրոք իրականացվող կամայական կալանավորումների և դատավարական խախտումների կապակցությամբ։ Նրանք ընդգծել են, որ Ադրբեջանում շարունակվում են անկախ լրատվամիջոցների, ընդդիմության և քաղաքացիական հասարակության դեմ ճնշումները՝ առանձնացնելով մի շարք գործիչների, որոնց ազատ արձակումը պետք է առաջնահերթություն լինի, այդ թվում՝ ընդդիմադիր առաջնորդ Ալի Քերիմլիին, իրավապաշտպաններ Անար Մամեդլիին ու Ռուֆաթ Սաֆարովին, տնտեսագետ Գուբադ Իբադօղլուին, լրագրողներ Ֆարիդ Մեհրալիզադեին, Ուլվիյա Գուլիևային և այլոց։ Հատկանշական է, որ Ալիևի ռեժիմի իրականացրած լայնամասշտաբ հալածանքները շարունակում են արժանանալ միջազգային դատապարտմանը, ինչի շրջանակներում վերջերս Amnesty International-ը դատապարտել էր նաև քաղաքական հետազոտող Բահրուզ Սամեդովի հանդեպ իրականացվող անմարդկային վերաբերմունքը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում