«Կուբան արդեն ընկել է». Մարկո Ռուբիոն հայտարարել է Հավանայում փոփոխություններ պարտադրելու Վաշինգտոնի մտադրության մասին

«Կուբան արդեն ընկել է». Մարկո Ռուբիոն հայտարարել է Հավանայում փոփոխություններ պարտադրելու Վաշինգտոնի մտադրության մասին

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ «Կուբան արդեն ընկել է», չունի գործող տնտեսություն, իսկ երկիրը ղեկավարում են մարդիկ, ովքեր շարունակում են քարոզել «մեռած հեղափոխության» մասին։ Ռուբիոյի խոսքով՝ Կուբան բոլոր իմաստներով սնանկացած պետություն է, որտեղ ողջ տնտեսությունն ու ռեսուրսները վերահսկվում են զինվորականների և Կոմունիստական կուսակցության կողմից՝ ի վնաս ժողովրդի։ Նա ընդգծել է, որ 2021 թվականից ի վեր երկիրը լքել է բնակչության շուրջ 20%-ը, և Վաշինգտոնը հույս ունի, որ ռեժիմը վերահսկողների մեջ կգտնվեն մարդիկ, ովքեր կընդունեն իրականությունն ու կգնան փոփոխությունների։

Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման ընթացքում Կուբայի իշխանությունները «այլևս չեն կարողանա թալանել սեփական ժողովրդին», և Վաշինգտոնը երբեք թույլ չի տա, որ կղզին վերածվի ԱՄՆ անվտանգության դեմ ուղղված հենակետի։ Ռուբիոն հավելել է, որ Թրամփը նախընտրում է հարցերը լուծել դիվանագիտական ճանապարհով՝ նպատակ ունենալով Հավանային ուղղորդել դեպի «անշրջելի դրական փոփոխություններ», ինչը ենթադրում է տնտեսական և քաղաքական ազատությունների միաժամանակյա տրամադրում։ Հատկանշական է, որ տարեսկզբից ԱՄՆ-ն փաստացի լիակատար տնտեսական շրջափակման է ենթարկել Կուբան՝ սպառնալով պատժամիջոցներով նույնիսկ այն երկրներին, որոնք նավթ են մատակարարում կղզուն, մինչդեռ Կուբայի ԱԳՆ-ն հայտարարում է, որ ամերիկյան հնարավոր Ներխուժումը կլինի ահռելի միջազգային հանցագործություն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում