Արգենտինայի արտգործնախարարն առաջիկա ամիսներին կայցելի Հայաստան
Նմանատիպ
Հուլիսի 19-ին Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը հանդիպեց Արգենտինայի Հանրապետության արտգործնախարար Էկտոր Տիմերմանի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև ԱՀ ԱԳՆ արտաքին հարաբերությունների փոխքարտուղար Մարիա դել Կարմեն Սկեֆը և արտգործնախարարի անձնական քարտուղարը:
Ինչպես հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հարաբերություններին, իրավապայմանագրային դաշտին, ինչպես նաև երկկողմ բարձրաստիճան այցելությունների իրականացմանն առնչվող մի շարք հարցեր։
Էկտոր Տիմերմանը տեղեկացրեց, որ սիրով ընդունում է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերը առաջիկա ամիսներին այցելելու Հայաստան: Պայմանավորվածություն ձեռք բերվեց համապատասխան աշխատանք իրականացնել նախապատրաստման փուլում գտնվող համաձայնագրերի ամբողջացման և այցելության ընթացքում դրանց որոշ մասի ստորագրման վերաբերյալ։
Արգենտինայի արտգործնախարարը հետաքրքրվեց այն բնագավառներով, որոնք կարող են փոխշահավետ տնտեսական համագործակցության հիմք հանդիսանալ: Դեսպան Մելիքյանը հանգամանալից ներկայացրեց Հայաստանի տնտեսական իրավիճակը, առկա ներդրումային դաշտը և հնարավորությունները: Առանձնացվեցին գյուղատնտեսության, առողջապահության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, ատոմային և վերականգնվող էներգետիկայի ոլորտները:
Անդրադառնալով ԼՂ հիմնահարցին, Տիմերմանը նշեց, որ Արգենտինան աջակցում է Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացին և կողմնակից է խնդրի բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը։
Խոսելով արգենտինահայ համայնքի մասին’ ԱԳ նախարարը նշեց, որ այն իր կարևորագույն դերակատարումն ունի երկրի հասարակական, քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում:
Արգենտինայում ՀՀ դեսպանն իր երախտագիտությունը հայտնեց մեր հայրենակիցների հանդեպ ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար, ինչի շնորհիվ ցեղասպանությունից փրկված հայերը և նրանց սերունդները կարողացան հաստատվել Արգենտինայում, դարձան օրինապաշտ քաղաքացիներ և մինչ օրս էլ շարունակում են զգալի ներդրում ունենալ երկրի զարգացման գործում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում