«Գազան վերածվել է համակենտրոնացման ճամբարի»․ Էրդողանի մեղադրանքն Իսրայելին՝ ըստ ТАСС-ի
Կարդացեք նաև
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում ընթացող միջազգային իրավաբանական համաժողովի ընթացքում հանդես է եկել Իսրայելի հասցեին հնչեցրած հերթական կոշտ հայտարարություններով։ Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, Թուրքիայի ղեկավարը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի համար ամբողջ պատասխանատվությունը դրել է Թել Ավիվի վրա՝ հայտարարելով, թե Իսրայելը Գազայի հատվածը վերածել է աշխարհի խոշորագույն համակենտրոնացման ճամբարի։
Էրդողանի պնդմամբ՝ Իսրայելը հազարավոր անգամ խախտել է պաղեստինյան կողմի հետ ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը․ «2025 թվականի հոկտեմբերի 11-ին հրադադարի ուժի մեջ մտնելուց ի վեր Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է 1,5 հազար, վիրավորվել՝ ավելի քան 5 հազար պաղեստինցի։ Գազայում ցեղասպանություն իրականացնող հանցագործ խմբավորումը, որն իրեն վեր է դասում միջազգային իրավունքից, անկլավը վերածել է խոշորագույն համակենտրոնացման ճամբարի»,- ըստ ТАСС-ի՝ նշել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ Իսրայելը տարածաշրջանային խաղաղությունն ու հանգստությունը դիտարկում է «որպես սպառնալիք սեփական անվտանգությանը»։ Նա հիշեցրել է, որ Անկարան ամբողջությամբ դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ և միացել Միջազգային քրեական դատարանում Հարավաֆրիկյան Հանրապետության նախաձեռնած դատական գործընթացին՝ Գազայում Ցեղասպանության կոնվենցիան խախտելու մեղադրանքով։ Վերջում Էրդողանը հավելել է, որ քանի դեռ ցեղասպանության մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվել, միջազգային համակարգում արդարության մասին խոսելն անհնար է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում