Ադրբեջանը Շոշ գյուղում ոչնչացրել է պատմական հուշարձաններ․ Ահազանգում է մշակութային ժառանգության օմբուդսմենը

Ադրբեջանը Շոշ գյուղում ոչնչացրել է պատմական հուշարձաններ․ Ահազանգում է մշակութային ժառանգության օմբուդսմենը


Ադրբեջանը բռնազավթված Արցախի Ասկերանի շրջանի Շոշ գյուղում ոչնչացրել է մի քանի պատմական հուշարձան։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային հասարակական կազմակերպության փոխնախագահ Հովիկ Ավանեսովը՝ վկայակոչելով արբանյակային լուսանկարների փաստագրական վերլուծությունը։

Ըստ ներկայացված տվյալների՝ 2024 թվականի ապրիլի 19-ից մինչև 2025 թվականի հուլիսի 12-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմը հողին է հավասարեցրել Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանը, ինչպես նաև Արցախյան առաջին պատերազմի հերոս, ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Արգամ Հարությունյանի հիշատակը հավերժացնող հուշակոթողը։ Հրապարակված լուսանկարներում հստակ երևում է, որ հուշարձանների տեղում այժմ միայն քարերի կույտեր են։

Ավանեսովը շեշտում է, որ սա պետական մակարդակով իրականացվող հայկական հետքի վերացման քաղաքականության մաս է։ Բռնազավթումից հետո համանման վանդալիզմի են ենթարկվել եկեղեցիներ, խաչքարեր ու հուշարձաններ Հադրութի Մեծ Թաղեր և Ազոխ գյուղերում, Բերձորում, Ստեփանակերտում, Ասկերանի Աստղաշեն ու Այգեստան բնակավայրերում։ Մասնավորապես, Շուշիում ամբողջությամբ ոչնչացվել է Հայոց ցեղասպանության, Հայրենական մեծ և Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը, որի տեղում կառուցվում են ադրբեջանական թանգարան, մզկիթ և հրապարակ՝ հայկական պատմական միջավայրը վերափոխելու նպատակով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում