«Պատրաստվեք պատերազմի»․ Սուրեն Սարգսյանը վերլուծել է Իրանի հայտարարության արտաքին ու ներքին նպատակները
Կարդացեք նաև
Ամերիկանագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է իրանական ԶԼՄ-ների՝ բնակչությանը ուղղված «պատրաստվել պատերազմի» կոչերին։ Փորձագետի գնահատմամբ՝ Իրանի այս հայտարարությունը պետք է դիտարկել առավելապես որպես հաշվարկված մանևրային քայլ, այլ ոչ թե որպես ռազմական գործողությունների հնարավոր մեկնարկի վերաբերյալ տեղեկատվություն։
Սարգսյանը նշում է, որ Նախևառաջ պետք է հաշվի առնել, որ Իրանը նման հայտարարություն է անում այն ժամանակ, երբ տարածաշրջանում նկատվում է ամերիկյան զինտեխնիկայի և ռազմական ավիացիայի ակտիվ տեղաշարժ․ մասնավորապես, տարածաշրջանում անընդհատ հայտնվում են ամերիկյան ինքնաթիռներ, որոնք շրջում են Հորմուզի նեղուցի տարածքում։ Սակայն, իր կարծիքով, Իրանի այս հայտարարությունն առավելապես արտաքին հասցեատերեր ունի։
Ամերիկանագետն իր վերլուծության մեջ ներկայացնում է չորս հիմնական կետ․
Առաջին, իհարկե հայտարարությունն առաջին հերթին ուղղված է Իրանի բնակչությանը՝ կոչ անելով մարդկանց զգոն լինել, հնարավոր ռազմական գործողությունների դեպքում մաքսիմալ զգուշավորություն ցուցաբերել, ինչպես նաև հոգեբանորեն պատրաստ լինել հնարավոր գործողություններին։
Երկրորդ, այս հայտարարությամբ Իրանը նպատակ ունի նաև խուճապ առաջացնել վառելիքի միջազգային շուկայում, ինչի արդյունքում վառելիքի միջազգային գները կարող են բարձրանալ կամ առնվազն չնվազել։
Երրորդ, հայտնի է, որ նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայանալու են միջանկյալ ընտրություններ, իսկ Թրամփի կուսակցությունը լուրջ խնդիրներ ունի։ Դրանց պատճառներից մեկը վառելիքի գների պատմական բարձր մակարդակն է, որի հիմնական պատճառը Իրանի հետ պատերազմն է։ Թրամփի վարչակազմը փորձում է որոշակի կարգավորում մտցնել վառելիքի շուկայում և գները հնարավորինս ցածր մակարդակի իջեցնել, քանի որ ընտրություններին ընդառաջ գների նվազումը կարող է դրական ազդեցություն ունենալ ընտրողների տրամադրությունների վրա։ Սակայն առայժմ այդ ջանքերն ապարդյուն են։ Միաժամանակ, եթե Թրամփի և Պուտինի միջև վառելիքի մատակարարման շուրջ պայմանավորվածությունը կարող էր որոշակի կայունացնող գործոն դառնալ և հանգեցներ Միացյալ Նահանգների վառելիքի շուկայում գների անկմանը, ապա այս քայլով Իրանը, բնականաբար, փորձում է թույլ չտալ նման զարգացում։ Մանավանդ որ Թրամփը հայտարարել էր, որ մինչև նոյեմբերի 3-ը հարձակում չի ծրագրում։
Չորրորդ, այս քայլով Իրանը նաև ցույց է տալիս, որ նոր հարձակումը կարող է ավելի թանկ արժենալ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների համար՝ ոչ միայն ֆինանսական, այլև քաղաքական առումով՝ ոչ միայն ԱՄՆ-ում, այլև տարածաշրջանում։
Սուրեն Սարգսյանն ամփոփում է, որ հետևաբար Իրանը ոչ թե պարզապես պատրաստում է իր բնակչությանը հնարավոր պատերազմի, այլև կանխարգելիչ արտաքին քաղաքական քայլեր է իրականացնում այս բարդ փուլում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում