Թուրքիայում Ցեղասպանության մասին թուրք ռեժիսորին յոթ թիկնապահ է հսկել

Թուրք ծագում ունեցող գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքընի «Խզում» (The Cut) ֆիլմի նախադիտումը Թուրքիայում արդեն կայացել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Ռադիկալ» պարբերականը տեղեկացնում է, որ թե’ նախադիտմանը, թե դրան հաջորդած երեկոյին Աքընին ուղեկցել են անվտանգության յոթ աշխատակիցներ:

20 միլիոն ԱՄՆ դոլար բյուջե ունեցող ֆիլմի նախադիտմանը ներկա են եղել մեծ թվով հայտնի դեմքեր, որոնց թվում նաև հայտնի պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը:

Ֆաթիհ Ահքընը ֆիլմում նկարահանված դերասաններ Գևորգ Մալիքյանի, Բարթու Քյուչուքչաղլայանի և Չիղդեմ Աքսյութի հետ պատասխանել է լրագրողների հարցերին: Խոսելով ֆիլմի մասին արձագանքներից` նա նշել է. «Ֆիլմի վերաբերյալ արձագանքները վատը չէին: Ավելի ճիշտ խառն էին: Կան և’ ֆիլմը սիրողներ, և’ չսիրողներ»: Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմը Թուրքիայի կինոթատրոներում կսկսի ցուցադրվել դեկտեմբերի 5-ից:

«Խզում» ֆիլմի սցենարի հեղինակներն են հենց ինքը` ռեժիսորը, և Մարտիկ Մարտինը: Ֆիլմը պատմում է Ցեղասպանությունը վերապրած հայ մարդու` Նազարեթ Մանուկյանի մասին, ով տարիներ անց հանկարծակի իմանում է, որ իր զույգ աղջիկները հնարավոր է ողջ են մնացել և սկսում է նրանց փնտրտուքները: Մանուկյանի դերը մարմնավորել է ալժիրցի դերասան Թահար Ռահիմը: Ֆիլմում նկարահանվել են Արսինե Խանջյանը, Սիմոն Աբգարյանը, Ակին Ղազին և այլք: Անգլերենով նկարահանված և 138 րոպե տևողություն ունեցող ֆիլմն արդեն թարգմանված է ֆրանսերեն, թուրքերեն և արևմտահայերեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում