Չգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համար․ «Ժողովուրդ»

Չգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համար․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում դեղատուն մտնող քաղաքացին, բնականաբար, ենթադրում է, որ դեղատան վաճառասեղանին դրված դեղն անցել է պետական վերահսկողության անհրաժեշտ ընթացակարգերը, դրա ծագումն ու որակը ստուգելի են, իսկ դրա վաճառքը թույլատրված։ Սակայն մեր ձեռքի տակ եղած փաստերը ստիպում են կասկածի տակ դնել այդ վստահությունը։

«Ժողովուրդ» օրաթերթի լրագրողական ուսումնասիրության ընթացքում ուշադրության կենտրոնում են հայտնվել ընտրանքային երկու դեղամիջոցներ՝ ՕՏՈՖԱԳ-ը և ՖԵՐԻՆՋԵԿՏ-ը, որոնց վերաբերյալ առկա են չգրանցված լինելու մասին տվյալներ, մինչդեռ լրագրողի հեռախոսազանգերով հնարավոր է եղել պարզել, որ դրանք վաճառվում են Երևանի մի քանի դեղատներում։

ՕՏՈՖԱԳ

Առաջին օրինակը ՕՏՈՖԱԳ անունով դեղամիջոցն է։ Այն օգտագործվում է քիթ-կոկորդ-ականջի ոլորտում՝ որոշ մանրէային խնդիրների դեպքում։ «Ժողովուրդ»-ի ուսումնասիրության ընթացքում ՀՀ դեղերի պետական գրանցման պաշտոնական աղբյուրներում՝ https://www.pharm.am/index.php/am/2014-09-16-06-29-36/102-2015-04-06-14-11-25?utm_source=chatgpt.com, ՕՏՈՖԱԳ անվանումով դեղի գրանցումը հաստատող տեղեկություն չհայտնաբերվեց։ Մենք գրանցման կարգավիճակի վերաբերյալ վերջնական պաշտոնական պարզաբանում ստանալու համար դիմեցինք ՀՀ առողջապահության նախարարություն: Նախարարի խոսնակ Մարիամ Ծատրյանը պաշտոնապես պարզաբանեց, որ «Ֆերինժեկտ դեղի մասով նշեմ, որ համարժեք փոխարինողը ՀՀ-ում գրանցված է և ներմուծվում է: Օտոֆագ-ի մասով` պաշտոնապես դեղամիջոց չէ, այն գրանցված է որպես կոսմետիկ-հիգիենիկ միջոց, ուստի մանրամասնությունները նախարարության տիրույթից դուրս են: Ձեզ հետաքրքրող չգրանցված դեղերի թեմայով նշեմ, որ դրանց շրջանառությունը ՀՀ-ում կարգավորվում է համաձայն Դեղերի մասին օրենքի դրույթների»:

«Ժողովուրդ»-ի լրագրողը կապ հաստատեց «ԱԲԲԱ» դեղատների ցանցի հետ՝ ստուգելու արդյոք ՀՀ-ում չգրանցված ՕՏՈՖԱԳ անունով դեղամիջոց ունեն վաճառքի: Պարզվեց այո ունեն, արժե 20 հազար դրամ:

ՍԻՆՔՐՈՆ

Նկատենք, որ վաճառողուհին չասաց, որ դա կոսմետիկ միջոց է, այլ ոչ թե դեղամիջոց: Միաժամանակ արտադրողի պաշտոնական կայքում՝ https://micromir.bio/products/otofag, արտադրանքը ներկայացվում է որպես բակտերիոֆագերով գել, որը նախատեսված է ԼՕՌ օրգանների բակտերիալ վարակներից պաշտպանելու համար։ Որպես կիրառման դեպքեր նշվում են ռինիտը, օտիտը, սինուսիտը, ֆարինգիտը, անգինան, լարինգիտը և այլ հիվանդություններ։ Ու սա որևէ դեպքում չի կարող լինել կոսմետիկ միջոց:

ՖԵՐԻՆՋԵԿՏ

Երկրորդ օրինակը ՖԵՐԻՆՋԵԿՏ-ն է (Ferinject)։ Այն կիրառվում է երկաթի պակասի բուժման նպատակով։

«Ժողովուրդ»-ի ուսումնասիրությունների համաձայն՝ ՖԵՐԻՆՋԵԿՏ-ը ևս ՀՀ-ում գրանցված չէ։ Սակայն լրագրողական հետաքննության շրջանակներում պարզվեց, որ դեղամիջոցը հասանելի է մի քանի դեղատներում։

«Ժողովուրդ»-ի լրագրողը զանգահարեց Աբովյան 37 հասցեում գտնվող «ՄԱՐԿ ՖԱՐՄ» դեղատուն և պարզվեց, որ չգրանցված դեղամիջոցն առկա է 35 հազար դրամ արժե 1 տուփը։

Նույն դեղամիջոցը, «Ժողովուրդ»-ի ունեցած տեղեկությունների համաձայն, նաև Գարեգին Նժդեհի 13 հասցեում գտնվող «ՍԹԱՅԼ ՖԱՐՄ» դեղատանն է վաճառվում։

ՍԻՆՔՐՈՆ

Այսինքն, երկու դեղերն էլ մեր երկրում գրանցված չեն, իսկ սրանք ընդամենը օրինակներ են. այսպիսի բազմաթիվ դեղեր կան ու սա համատարած բնույթ է կրում:

Բայց այս խնդրի մյուս կողմը քաղաքացիների անվտանգությունն է։ Մեզ դիմած քաղաքացին պատմել է, որ երկար ժամանակ օգտագործել է ՖԵՐԻՆՋԵԿՏ դեղամիջոցը, սակայն ակնկալվող արդյունքը չի ստացել։ Իհարկե, մեկ քաղաքացու պատմությունը դեռևս չի ապացուցում, որ դեղամիջոցը եղել է կեղծ, բայց եթե դեղը վաճառվում է պետական գրանցման և դրա հետ կապված վերահսկողական ընթացակարգերից դուրս, ո՞վ է երաշխավորում, որ քաղաքացին ստանում է օրիգինալ, պատշաճ պահպանված և որակյալ արտադրանք։

Եթե դեղամիջոցը շրջանառվում է առանց պատշաճ իրավական և վերահսկողական ընթացակարգերի, առաջանում են մի շարք ռիսկեր՝

դժվար կլինի պարզել դեղի իրական կամ կեղծ ծագումը և մատակարարման շղթան,
կարող են խնդիրներ առաջանալ պահպանման և տեղափոխման պայմանների վերահսկողության հարցում
Ո՞վ պետք է վերահսկի դեղատներին

«Դեղերի մասին» ՀՀ օրենքի օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը ուղղակիորեն արգելում է ՀՀ-ում չգրանցված դեղերի իրացումը՝ հաշվի առնելով օրենքով նախատեսված բացառությունները։ Մենք ուսումնասիրեցինք բացառությունները https://www.arlis.am/hy/acts/214365?utm_source=chatgpt.com , բայց դրանցից որևէ մեկը վերաբերելի չէր կոնկրետ այս երկու դեղամիջոցներին: Այսինքն դրանց վաճառքը կարող է դիտարկվել որպես օրենսդրության խախտում, որի համար պատասխանատու են.

Առաջին հերթին՝ ՀՀ առողջապահության նախարարությունը, որն իրականացնում է դեղերի պետական գրանցումը՝ Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի եզրակացության հիման վրա։

Երկրորդ՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, որը դեղերի շրջանառության ոլորտում պետական վերահսկողություն իրականացնող հիմնական մարմինն է։ Նրա լիազորությունների մեջ է մտնում դեղատների գործունեության և դեղերի շրջանառության նկատմամբ վերահսկողությունը։

Երրորդ՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն. եթե դեղամիջոցները ներմուծվել են Հայաստան, պետք է պարզել՝ ով է ներմուծողը, ինչ փաստաթղթերով է իրականացվել և արդյոք պահպանվել են դեղերի ներմուծման օրենսդրական պահանջները։

Սակայն ամենակարևոր հարցը մնում է անպատասխան․ եթե պետությունն ունի դեղերի գրանցման ռեգիստր, օրենքով արգելում է չգրանցված դեղերի վաճառքը և ունի վերահսկող մարմին, ինչպե՞ս են այդ դեղամիջոցները հասնում դեղատների վաճառասեղաններին։ Համատարած հնչող հարց, որի պատասխանը չկա»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում