Յոթ դեսպանների թվում Ծովինար Համբարձումյանն էլ է հետ կանչվել․ ինչ ունեցվածք ունի նա․ «Ժողովուրդ»
Կարդացեք նաև
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ուսումնասիրել 2026 թվականին պաշտոններից հետ կանչված դիվանագիտական ներկայացուցիչների կենսագրություններն ու հայտարարագրած ունեցվածքը։ Այս տարի հետ կանչված յոթ դիվանագիտական ներկայացուցիչների թվում է նաև Ծովինար Համբարձումյանը, որը զբաղեցնում էր Բուլղարիայում և Հյուսիսային Մակեդոնիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը։
«Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է, թե ով է Ծովինար Համբարձումյանը, ինչ ճանապարհ է անցել դիվանագիտական համակարգում և ինչ ունեցվածք է հայտարարագրել։
Ով է Ծովինար Համբարձումյանը․
Ծովինար Համբարձումյանը ծնվել է 1971 թվականի հուլիսի 5-ին՝ Երևանում։ 1989-1994 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետում՝ մասնագիտանալով արևելյան լեզուների և գրականության ոլորտում։ Մասնագիտությամբ թուրքագետ է։
Տարբեր տարիների աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ, այդ թվում՝ արտաքին կապերի վարչության պետի պաշտոնը։ 2018-2020 թվականներին ղեկավարել է վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչությունը։
2020-2024 թվականներին եղել է Իտալիայում Հայաստանի դեսպանը, համատեղության կարգով ներկայացրել է Հայաստանը նաև Մալթայում և Սան Մարինոյում։ 2024 թվականի հոկտեմբերի 24-ից նշանակվել է Բուլղարիայում ՀՀ դեսպան, իսկ 2025 թվականի դեկտեմբերի 3-ից՝ համատեղության կարգով նաև Հյուսիսային Մակեդոնիայում ՀՀ դեսպան։
Անշարժ գույք․
«Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրեց Համբարձումյանի՝ 2025 թվականի տարեկան հայտարարագիրը և պարզեց, որ նա ունի Երևանի տարածքում գտնվող երեք բնակարան, որոնցից մեկը համատեղ սեփականության իրավունքով է՝ 1/2 բաժնեմասով։ Բնակարաններից մեկը ձեռք է բերել 1994 թվականի նոյեմբերի 8-ին՝ ժառանգությամբ, մյուս երկուսը՝ 2012 թվականի մայիսի 14-ին և 2019 թվականի մարտի 22-ին՝ գնման եղանակով։ Վերջին ձեռքբերման օրը նա նաև ավտոկայանատեղի է ձեռք բերել։
Հայտարարագրում նշված է, որ 2025 թվականի սկզբին ունեցած անշարժ գույքը պահպանվել է նաև տարվա վերջին։ Տարվա ընթացքում նոր անշարժ գույք չի ձեռք բերել և առկա գույքից չի օտարել։
Եկամուտ․
2025 թվականին Ծովինար Համբարձումյանը ստացել է ընդհանուր 23 միլիոն 578 հազար 447 դրամի եկամուտ։ Դրա մի մասը կազմել է աշխատանքի վարձատրությունը՝ 43 հազար 004 եվրո, որը ստացել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
Բացի այդ, նա Ռենատ Զախարևից վարձակալության դիմաց ստացել է 1 միլիոն 920 հազար դրամ, Պետական եկամուտների կոմիտեից՝ 568 հազար 135 դրամ եկամտային հարկի վերադարձ, իսկ ԱԿԲԱ բանկից և Արդշինբանկից՝ 1 միլիոն 781 հազար 086 դրամ՝ ավանդների և փոխառությունների դիմաց ստացված տոկոսների տեսքով։
Դրամական միջոցներ և փոխառություններ․
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց նաև, որ Համբարձումյանը 2025 թվականի վերջում բանկային հաշիվներում ունեցել է 573 հազար 886 դրամ, 78 հազար 760 դրամ և 14 հազար 326 եվրո։
Նրա բանկային ավանդների մասով ուշագրավ է, որ տարվա սկզբին ունեցած 50 հազար եվրոյի և 153 հազար 777 եվրո 4 ցենտի ավանդները տարեվերջին զրոյացել են։ Փոխարենը դրամային ավանդներից մեկում տարվա վերջում ունեցել է 5 միլիոն 033 հազար դրամ, մյուսում՝ 1 միլիոն 756 հազար դրամ։ Դոլարային ավանդի մնացորդը տարվա սկզբի 85 հազար 163 դոլար 26 ցենտից նվազել է՝ դառնալով 18 հազար 911 դոլար։
Բացի այդ, նրա կանխիկ դրամական միջոցները տարվա սկզբի 2 հազար 500 եվրոյից տարեվերջին հասել են 57 հազար եվրոյի։
Հայտարարագրում առկա է նաև 5 միլիոն 638 հազար դրամ վարկի մայր գումարի մնացորդ։
Նշենք, որ նոյեմբերի 23-ին նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով հետ են կանչվել վեց դեսպան և ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար Արման Իսրայելյանը։ Դեսպանների թվում են Անահիտ Հարությունյանը, Հովհաննես Վիրաբյանը, Տիգրան Մկրտչյանը, Ծովինար Համբարձումյանը, Արման Հակոբյանը և Վիկտոր Բիյագովը։ Հետկանչերի հիմքում վարչապետի առաջարկություններն են եղել։ Հետկանչերի պատճառների մասին պաշտոնական պարզաբանում չի ներկայացվել»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում