Փորձագետը մանաթի ռեֆորմ եւ արժեքազրկում է կանխատեսում Ադրբեջանում

Ադրբեջանցի տնտեսագետ փորձագետ Նաթիգ Ջաֆարլին 2015 թվականին մանաթի ռեֆորմ (դեվալվացիա) եւ արժեքազրկում (ինֆլյացիա) է կանխատեսում Ադրբեջանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական Media forum կայքին տված հարցազրույցում Ջաֆարլին ասել է, որ ամբողջությամբ նավթի արտահանումից կախված Ադրբեջանը 2015 թվականի առաջին 9ամիսներին նավթի գների անկման պատճառով մոտ 7 մլրդ դոլար եկամուտ է կորցնելու:

Նա նշել է, որ երկար տարիներ դոլարի նկատմամբ Ադրբեջանում ազգային փոխարժեք մանաթի կայունությունը հնարավոր է եղել պահպանել արտահաման եւ ներմուծման դրական հաշվեկշռի շնորհիվ, ինչը սակայն, նավթի գների կտրուկ անկման պայմաններում այլեւս հնարավոր չի լինելու:

«Այս տարվա առաջին 9 ամիսներին Ադրբեջանում նավթի տարեկան միջինարժեքը 105 դոլար էր: Այսինքն` արտաքին առեւտրում դրական հաշվեկշիռը պահպանվել էր հենց այդ գնի շնորհիվ: Եթե եկող տարի եւս նավթի արդյունահանման ծավալները մնան անցյալ տարվա եղածի մակարդակին (կանխատեսումներով` նվազում է լինելու), գինն էլ կազմի 65-70 դոլար, ապա կոպիտ հաշվարկներով` արտահանումը 40 տոկոսով կնվազի: Այսինքն` եկող տարվա առաջին 9 ամիսներին արտահանումը 7 մլրդ դոլարով նվազելու է», -նշել է նա:
Փորձագետը մանաթի հնարավոր արժեզրկման հետ կապված հայտնել է, որ եթե նավթի արդյունահանման ծավալներն ու ներկայիս գները մնան անփոփոխ, ապա եկող տարվա առաջին 9 ամիսներին արտաքին առեւտրում արտահանման եւ ներմուծման հաշվեկշիռը կզրոյանա, այսինքն` Ադրբեջանը կկարողանա ներկրել  արտահանվածի չափով ապրանքներ:
«Իսկ դա նշանակում է, որ կառավարությունը մանաթի ներկայիս կուրսը չի կարողանալու պահպանել եւ ստիպված է լինելու գնալ մեղմ դեվալվացիայի: Դրա արդյունքում ինֆլյացիան մեծանալու է, գներն աճելու են, բնակչության ռեալ եկամուտները լրջորեն նվազելու են», -կանխատեսել է ադրբեջանցի փորձագետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում