Թուրքիայում 2200 զինվորի ընտանիք ցանկանում է հրաժարվել քաղաքացիությունից

Թուրքիայի զինված ուժերում զինծառայողների կասկածելի մահերի եւ  տուժածների միության անդամ 2200 ընտանիքներ հայտարարել են, որ ցանկանում են հրաժարվել այդ երկրի քաղաքացիությունից: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական OdaTV հեռուստաալիքը, հայտարարել է Դերսիմի Հոզաթ ավանում 5 տարի առաջ զինծառայության ընթացքում կասկածելի հանգամանքներում ինքնասպանություն գործած զինվոր Մուրաթ Օքթայ Ջանի հայրը` Օքթայ Ջանը, ով  հիշյալ կազմակերպության ղեկավարն է:

2012 թվականին թուրքական բանակում կասկածելի հանգամանքներում մահացած Ույսալ Դողանի գերեզմանի մոտ կազմակերպության անդամների հետ հանդիպման ժամանակ դիմելով Թուրքիայի Նախագահին, վարչապետին եւ պաշտպանության նախարարին` Ջանն ասել է. «Այն դեպքում, երբ թուրքական բանակում շարունակվում են մեր երեխաների կասկածելի ինքնասպանություններն ու մահերը, 5 տարի շարունակ վարչապետին հանդիպելու մեր խնդրանքը չի բավարարվում: Մենք պահանջում ենք շտապ օրենք ընդունել այս ընտանիքների վերաբերյալ: Պահանջում ենք այս երեխաներին շեհիդի (նահատակ) կարկագավիճակ տալ և նրանց ընտանիքներին ապահովել աշխատանքով եւ զբաղվածությամբ: Բոլոր այս ընտանիքները տուժածներ են: Եթե մինչեւ 2015 թվականն այդ իրավունքները  չտրվեն, 2200 ընտանիքներ կհարաժարվեն Թուրքիայի քաղաքացիությունից»:

Կազմակերպության անդամ ընտանիքների ներկայացուցիչները հայտնել են, որ Թուրքիայի իշխանություններն իրենց իսկ կողմից բանակում ստեղծված անտանելի  պայմանների պատճառով ինքնասպանության դիմաց զինծառայողներին հայրենիքի  դավաճանի պիտակ են կպցնում:

Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Թուրքիայի զինված ուժերում վերջին 12 տարիներին 1200 զինծառայողներ ինքնասպանություն են գործել, որոնց գերակշռող մասը ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում