«Հենց սկսեք օսմաներեն կարդալ, կպարզվի, որ մեր պատմության ականավոր ճարտարապետը, ամենամեծ երգահանը հայ է».թուրք վերլուծաբան

«Հենց սկսեք օսմաներեն կարդալ, կպարզվի, որ մեր պատմության  ականավոր ճարտարապետը,  ամենամեծ երգահանը հայ է».թուրք վերլուծաբան

Թուրքիայի կառավարության որոշմամբ` արաբերեն գրով օսմաներենը պետք է, որպես պարտադիր ուսուցման առարկա, այսուհետև դասավանդվի հանրակրթական դպրոցներում: Կրթության նախարարությունն այդ որոշումը հիմնավորել է այն պատճառաբանությամբ, որ թուրքերը չեն կարողանում կարդալ իրենց ապուպապերի գերեզմանաքարերը: Մինչդեռ փորձագիտական շրջանակներում կարծում են, որ այդ քայլը երկիրն իսլամացման տանելու Էրդողանի որդեգրած քաղաքականության պարզ շարունակությունն է:

«Ermenihaber.am» լրատվականի փոխանցմամբ՝  թեմային անդրադարձած թուրքական «Բուգյուն» թերթի սյունակագիր Այքութ Ըշըքլարն ուշադրություն է հրավիրում օսմաներենի պարտադիր ուսուցման հետևանքների վրա:

«Երբ պապերիդ շիրմաքարը կարդաս ու դառը ճշմարտություններ իմանաս, վատ չզգաս» վերտառությամբ հոդվածում Ըշըքլարը նշում է, որ կարծեք թե երկրում չկար ոչ մի հասարակական կամ տնտեսական խնդիր, ու մեջտեղ է եկել օսմաներենի դասավանդման հարցը: Թուրքիայում ծավալվող շուրջ մեկշաբաթյա ակտիվ քննարկումները հոդվածի հեղինակին հիշեցնում են ոչ թե գիտական առողջ բանավեճեր, այլ բակային կռիվների մակարդակի վեճեր:

«Օսմաներենը եղել է երեք մայրցամաքների վրա իշխանություն հաստատած կայսրության պաշտոնական լեզու: Հիմա Օսմանյան կայսրության տարածքներում իրենց լեզվով խոսող և ազգայանակություն դավանող տասնյակ պետություններ կան»,-նկատել է տալիս Ըշըքլարը: Ապա հավելում, որ արաբական այբուբենի և օսմաներենի պարտադիր ուսուցումը կնշանակի վառարաններում այրել ներկայիս հարյուր հազարավոր գրքերը, քանի որ օսմաներենի հայտնությամբ հօդս կցնդնեն մինչև օրս անգիր արված ու կարծրացած շատ տեղեկություններ իրենց անցյալի մասին:

«Իսկ դուք չե՞ք նեղվի, եթե իմանաք, որ դասագրքերով և հանրագիտարաններով մեզ մատուցված մի շարք թեմաներ մտածված սուտ են եղել: Օրինակ` չե՞ք շշմի, որ հանկարծ պարզեք, որ մեր պատմության մեջ մի շատ ականավոր ճարտարապետ հայ է եղել: Ասենք իմանաք, որ այդ ճարտարապետը միշտ մասնակցել է օսմանցի սուլթանների արշավանքներին, կամուրջներ է կառուցել բանակի համար, եղել է մի հերոս ու հայրենասեր մարդ: Եթե սկսենք օսմաներեն սովորել, մեր անգիր արած շատ ճշմարտություններ ի չիք են դառնալու: Խոսում եք պալատական երաժշտության մասին: Թուրքական երաժշտության արժեքավոր գործերի ստեղծողներին հենց  ճանաչեք չզարմանաք, եթե պարզվի, որ այդ ժամանակ թուրքերն ընդամենը կենտրոնական Անատոլիայում զուռնա դհոլ էին փչում և հորոն (շուրջպար) պարում: Հենց սկսեք օսմաներեն գրքեր կարդալ, ձեր իմացած թուրքական երաժշտության ամենամեծ երգահանները կտեսնեք, որ հայեր, հույներ, ասորիներ կամ պարսիկներ են դուրս գալու»,- զգուշացնում է թուրք հոդվածագիրը:

Նա նաև նշում է, որ նույն բանը տեղի է ունենալու թուրքական խոհանոցի ազգային համարվող ուտեստների հարցում. հանկարծ կպարզվի որ դրանք վերցված են հայկական խոհանոցից են կամ ազգային այլ փոքրամասնությունների խոհանոցից:

Ըշըքլարը, ամփոփելով օսմաներենի ներմուծման հետ կապված շշմեցնող բացահայտումների մասին իր կանխատեսումները, գրում է. «Ով ասում է, թե ուզում է կարդալ իր պապու գերեզմանաքարի վրայի գրությունը, պետք է ամեն ինչի պատրաստ լինի: Կարող է շատ մեծ անակնկալների հանդիպենք»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքն աշխարհիկ պետության կարգեր հիմնելիս 1923 թվականին գործածությունից հանեց արաբերեն գիրը և ամրագրեց լատինատառ այբուբենը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում