Լուվրում պատմությունը խեղաթյուրող քարտեզ է ներկայացված. հայ պատմաբանի պատասխանը
Նմանատիպ
Լուվրում անտիկ Իրանի բաժնում կարելի է հանդիպել քարտեզի, որում նոր-էլամյան դարաշրջանում Վանա լճի և Կասպից ծովի արանքում նշված է «Ազերբայջան» անունով մի երկիր, իսկ Հայաստանը ընդհանրապես բացակայում է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում անհանգստություն է հայտնել նկարիչ, ազատամարտիկ Մկրտիչ Տոնոյանը:
«Սա չի համապատասխանում իհարկե իմ պատմական պատկերացումներին մեր տարածաշրջանի մասին: Գուցե նոր նյութեր են հայտնաբերվել, և պատմությունը վերաշարադրվում է, և ես տեղյակ չեմ:
Կուզենայի իմանալ հայ պատմաբանների կարծիքն այս քարտեզի մասին:
Եթե այն ակնհայտ սխալ է, ինձ թվում է պետք է աղմուկ բարձրացնել և ճշտումներ մտցնել քարտեզում: Լուվրի տարեկան մի քանի տասնյակ միլիոն այցելուները կարող են սխալ պատկերացում կազմել մեր պայքարի «պատմական արդարացիության» մասին»:
Տոնոյանը առաջարկում է այս հարցով դիմել նաև Իրանի պատմաբաններին:
Նյութի տակ ծավալվող քննարկումներում տեղեկատվության անվտանգության փորձագետ Վահրամ Միրաքյանն առաջարկել է պատմագիտության դոկտոր Էդուարդ Դանիելյանի պատասխանը թարգմանել և ուղարկել Լուվր: Պատմագիտության դոկտորի պատասխանը սխալ քարտեզի վերաբերյալ մասնավորապես ասում է.
«Արվեստների երկրպագու բանական մարդու աչքերի առջև լուսանկարում պատկերված Լուվրի քարտեզը բացարձակ կեղծիք է: Ք.Ծ.ա. XIV- Ք.Ծ.ա. VI կեսն ընկած ժամանակաշրջանում, որ նշված է “քարտեզի” վերնագրում, ինչպես նաև պատմության հետագա բոլոր ժամանակաշրջաններում Վանից արևելք և Ուրմիայից հյուսիս տարածքը երբեք չի եղել, այսպես կոչված “Ազերբայջանի” կազմում (առավել ևս այդպիսի “հասկացություն” “նոր-էլամական” հորջորջումով ընդհանրապես գոյություն չի ունեցել աշխարհում):
Քարտեզում ցույց տված Վանից արևելք և Ուրմիայից հյուսիս գտնվող տարածքը իրականում Հայաստանի հարավում և հարավ-արևելքում տեղադրված’ Վանի և Ուրմիայի ավազանները ընդգրկող Վասպուրական, Նոր Շիրական և Փայտակարան աշխարհների գավառների տարածքն է: Եթե Լուվրի փորձագետները իրենց գիտելիքների վրա վստահ չէին, կարող էին դիմել Ֆրանսիայում ապրող և աշխատող մի շարք անվանի հայագետների:
Իսկ Իրանի Ատրոպատենե (հայերեն միջնադարյան սկզբնաբյուրներում Ատրպատական) շրջանը, որը գտնվում էր Ուրմիայից հարավ-արևելք իր անունը ստացել էր Ալեքսանդր Մակեդոնացու մահվանից հետո (Ք.Ծ.ա. IV դ. վերջից) Մարաստանի աքեմենյան վերջին սատրապ Ատրոպատեսի (նա իրեն Ատրպատականյան Մարաստանի թագավոր էր հռչակել) անունից (Strabo, XI, 13.1): Միջին պարսկերենում արդեն ձևափոխված’ Ատուրպատական անվանաձի շատ ուշ ժամանակներում աղճատված’Ադարբայգան ձևից հետագայում առաջացած “Ադարբայջան” կամ “Ադրբեջան” անվանաձևերը վերաբերում են Իրանի Ուրմիայից հարավ-արևելք ընկած պատմական Ատրպատականի տարածքին: Իսկ 1918թ. երկրորդ կեսին այդ անվանումը Թուրքիայի կողմից իրականացվող պանթուրքիզմի ծրագրով կողոպտվեց Իրանական Ադարբայգանից և տրվեց դրանից շատ ավելի հյուսիս’ մերձկասպյան տափաստաններում եկվոր’ վայրենի մակարդակի վրա գտնվող անդրալթայան տափաստաններից և անապատներից ներխուժած քոչվոր, XX դ. սկզբների ռուսական կայսերական, ինչպես նաև’ մինչև 1930-ակկան թթ. վերջը խորհրդային վիճակագրական փաստաթղթեորում, այսպես կոչված’ “կովկասյան” թաթարներով բնակեցված արհեստածին միավորին, Իրանական Ադարբայգանը նվաճելու (իսկ խորհրդային շրջանում’ նաև խորհրդանացնելու) նպատակով (տես’ В.В. Бартольд, Курс лекций, 1924г. – см. Соч., т.II, часть I, М., 1963, с. 703):
Լուվրի գրապահոցները և ֆրանսիական գրադարանները հարուստ են հին դարերից եկող քարտեզագրական սկզբնաղբյուրային նյութերով: Ոչ մի քարտեզի վրա “լուվրայն փորձագետները” իրենց կողմից նշված տարածքի վերաբերյալ Azerbaidjan տխրահռչակ կեղծ անվանումը չեն գտնի:
Խորհուրդ ենք տալիս Լուվրի համբավը պղծող այդ “փորձագետներին” կարդալ իրենց դասական պատմագետ-հեղինակների’ XIX դ. ֆրանսիական մեծագույն հայագետներ Սեն Մարտենի (M. J. Saint-Martin, Mémoire historique et géographique sur l’Arménie, t. I, Paris, 1818) և Մարի Բրոսեի (M. Brosset, Sur l’histoire ancienne de l’Arménie, d’après les textes hiéroglyphiques et cuéiformes, Bulletin de l’Académie Impériale des sciences de St- Pétersbourg, 1871) աշխատությունները, այլ ոչ թե աղտոտել Լուվրի (11-րդ սրահի) պատերը “ադրբեյանական” կեղծիքով, ինչը աղավաղում է Հայաստանի, Իրանի և, ընդհանրապես, հին Արևելքի և համաշխարհային պատմությունը»: