Թուրքական ընդդիմությունը խոստովանել է գյուլենականների հետ կապեր պահելը

Թուրքական ընդդիմությունը խոստովանել է գյուլենականների հետ կապեր պահելը

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության Մեջլիսի պատգամավոր Բիրգյուլ Այման Գյուլերը խոստովանել է, որ իր կուսկացությունը համաձայնություն է ունեցել Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ:

Գյուլերի խոսքերով, համաձայն պայմանավորվածության, Գյուլենի կողմնակիցները տեղական ինքնակառվարման ընտրությունների ժամանակ քվեարկել են իրենց կուսակցության օգտին: Այս պահին Գյուլենը մեղադրվում է լրտեսության մեջ:

«Գյուլենականների» ձերբակալությունները, որոնց նաև «նուրսիստներ» են անվանում, սկսվել է անցյալ տարի դեկտեմբերի կեսերին Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալից հետո, որի ժամանակ իրավապահները ձերբակալեցին մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների և հայտնի գործարարների, որոնք մեղադրվում էին Թուրքիայի կառավարության 4 նախարարների, երկրի վարչապետի որդու, փեսայի և դստեր հետ հարյուր միլիարդավոր դոլարների կոռուպցիոն գործարքներ իրագործելու մեջ: Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ, ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն այն ժամանակ հայտարերել էր, որ այդ սկանդալի հետեւում կանգնած են Ֆաթուլլահ Գյուլենը եւ նրա հետեւորդները, որոնք ցանկանում են տապալել իր կառավարությունը:

Էրդողանի հանձնարարությամբ անցյալ դեկտեմբեր-հունվար ամիսներին ձերբակալվեցին կամ աշխատանքից հեռացվեցին մոտ 500 իրավապահներ, դատախազներ եւ փաստաբաններ: Օրերս վերսկսված ձերբակալությունների երկրորդ ալիքը ցույց է տալիս, որ Էրդողանը ցանկանում է վերջ դնել «գյուլենականների շարժմանը» Թուրքիայում: Նշվում է, որ թուրքական կառավարության «զուգահեռ կառույց» հայտարարած «գյուլենականների» ցուցակում Ֆաթուլլահ Գյուլենի անունը նշված է առաջինը:
Թուրքական մամուլը հայտնում է, որ վերջին երկու օրերին ձերբակալվել են եւս 32 «գյուլենականներ», այդ թվում` «Սամանյոլու» հեռուստաալիքի ղեկավար Հիդայաթ Ջույուրը, «Զաման» թերթի գլխավոր խմբագիր Աքրամ Թյուսթյունը, անվտանգության մարմինների բարձրաստիճան աշխատակիցներ, ոստիկաններ: Մամուլը հայտնել է, որ վերջին ձերբակալությունները Էրդողանի պատասխանն են` անցյալ դեկտեմբերի 17-ին «զուգահեռ կառավարության» կողմից անցկացված գործողություններին:

Ներկայում ԱՄՆ-ի Փելսինվանիա նահանգում բնակվող Գյուլենը գերմանական մամուլին տված հարցազրույցում հայտարարել է, որ Էրդողանի հետ կհաշտվի միայն այն դեպքում, եթե առաջիկա օրերին տեղի ունենալիք հանրահավաքների ժամանակ նա հայտարարի, որ իր կողմնակիցներին «զուգահեռ կառույց» հայտարարելը «սխալ» եւ «բամբասանքի» հետեւանք է եղել: Նա Էրդողանին մեղադրել է Թուրքիայում ավտորիտարիզմ ստեղծելու մեջ:
Եվրամիության հանձնաժողովի խոսնակ Մայա Կոսիյանչիչը հայտարարել է, որ խստորեն անհանգստացած են Թուրքիայում լրագրողների ձերբակալությամբ, եւ որ դա կարող է բացասական ազդեցություն ունենալ Թուրքիայի` ԵՄ անդամակցության գործընթացի վրա: ԵՄ-ը հոկտեմբերի 8-ին հրապարակած առաջընթացի զեկույցում խստորեն քննադատել էր Թուրքիայում գնալով ահանգնացող մամուլի ազատության սահմանափակումները:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում