Քաղաքապետարանում քննարկվել է Ֆ.Նանսենի զբոսայգում հոգևոր կառույցի հիմնադրման հարցը
Նմանատիպ
Երևանի քաղաքաշինական խորհրդի ճարտարապետական հանձնաժողովի հերթական նիստին ներկա են եղել Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը և Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:
Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամլո ծառայությունից, օրակարգի հարցերի թվում քննարկվել է նաև նորվեգացի մեծ հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենի անվան զբոսայգու տարածքում, համանուն թանգարանին կից հոգևոր կառույցի ճարտարապետ Ալբերտ Սոխիկյանի կողմից արված էսքիզային առաջարկը: Աղբյուրը հիշեցնում է, որ կառույցն իրականացվում է տարածքի բնակիչների խնդրանքով ՝ վաստակավոր բժիշկներ Կառլեն և Սառա Եսայանների բարեգործական միջոցներով և լինելու է Երևան համայնքի սեփականությունը:
Հարցի վերաբերյալ կարծիքներ հայտնած նիստի մասնակիցների ընդհանուր տեսակետը հետևյալն էր. գաղափարը թույլատրելի է, բայց պետք է գտնել ճարտարապետական այնպիսի լուծում, որը ներդաշնակ կլինի կառուցվող թանգարանին:
Ճարտարապետական հանձնաժողովը քննարկել է նաև Հանրապետության հրապարակի և հարակից տարածքների կառուցապատման կարգավորման նպատակով փորձագիտական աշխատանքային խումբ ձևավորելու վերաբերյալ Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի առաջարկը:
Հանձնաժողովի նիստին ներկա բոլոր ճարտարապետները, ողջունելով Երևանի գլխավոր ճարտարապետի առաջարկությունը, հարցի շուրջ ծավալված քննարկման ընթացքում արտահայտել են իրենց տեսակետներն ու դիրքորոշումը, ըստ որի նման մասնագիտական աշխատանքային խմբի ձևավորումն անհրաժեշտություն է:
Քաղաքաշինական խորհրդի ճարտարապետական հանձնաժողովը, ըստ աղբյուրի, որոշել է առաջիկա նիստի ընթացքում գործնական քննարկում ծավալել վերը նշված փորձագիտական աշխատանքային խմբի ձևավորման շուրջ՝ այդ համատեքստում անդրադառնալով նաև կազմակերպչական և բովանդակային այլ հարցերի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում