2014թ-ն աննախադեպ էր ադրբեջանական ապատեղեկատվության ծավալներով.Անժելա Էլիբեգովա

2014թ-ն աննախադեպ էր ադրբեջանական ապատեղեկատվության ծավալներով.Անժելա Էլիբեգովա

Դեկտեմբերի 15-ին մեկնարկեց «Հարևաններ. հայացք Հայաստանից» գիտաժողովը, որը կազմակերպվել է «Տարածաշրջանային իրադարձությունների գիտավերլուծական կենտրոնի» Երիտասարդ գիտնականների աջակցման ծրագրի, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, Երիտասարդ առաջնորդների դպրոցի, Ամերիկայի հայկական համագումարի և ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի աջակցությամբ:

Գիտաժողովի առաջին օրը նվիրված էր Արցախին և նրա շուրջ տեղի ունեցած 2014թ-ի զարգացումներին: Արցախի շուրջ ծավալված իրադարձությունները քննարկեցին Անժելա Էլիբեգովան (տեղեկատվական ասպեկտը), Արմեն Մինասյանն (զարգացումների վերլուծություն) ու Աննա Կարապետյանը (բանակցային գործընթաց):

Արցախյան հիմնահարցի շուրջ վերջին մեկ տարվա զարգացումները դիտարկելով տեղեկատավական պատերազմների դիրքերից՝ ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան նշեց, որ Ադրբեջանի պարագայում հարկ է առանձնացնել իրականությունը այն կեղծ իրականությունից, որը ներկայացվում է ԶԼՄ-ի կողմից:

Քաղաքագետը տարին նշանավորեց ադրբեջանական ապատեղեկատվության աննախադեպ մեծ հոսքի առկայությամբ, որը հատկապես դրսևորվեց օգոստոսյան լարվածությունների ժամանակ: Փորձագետի համոզմամաբ, ի պատասխան, մեր մեդիադաշտը բավականին պրոֆեսիոնալ գործեց և տուրք չտվեց կեղծ տեղեկատվության այդ մեծ հոսքին:

Ադրբեջանական քարոզչամեքենան կիրառեց նաև սոցիալական կայքերում կեղծ օգտատերեր ստեղծելու մարտավարությունը, որոնք հայի անունից տագնապալից լուրեր են տարածում, ինչն հաջողությամբ կանխվեց հայկական կողմից:

Հատկանշական է, որ բանակցային գործընթացի ողջ ընթացքում, ըստ Էլիբեգովայի, հայկական կողմը տեղեկատվական աղբյուր ծառայեց Ադրբեջանի քաղաքացիների և ԶԼՄ-ի համար: Օրինակ՝ Սոչիի բանակցությունների դեպքում ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանի թվիթերյան էջը դարձել էր ինֆորմացիայի հիմնական աղբյուրը: Այս ամենն Ադրբեջանում մեծ դժգոհություն էր առաջ բերել իրենց պաշտոնյանների աշխատանքի նկատմամբ:

Անդրադառնալով նավթի գների իջեցմանը՝ ադրբեջանագետը նշեց, որ այդ թեման բավականին սահուն շրջանցվեց՝ կոծկվելով սահմանային լարվածության մասին թեմաներով:

Զեկուցող կանխատեսմամբ, հայատյացության թեման Ադրբեջանում 100 տոկոսով աշախող մեխանիզմ է, ուստի հետագայում ևս ներտնտեսական վիճակի վատթարացման հետ մեկտեղ նկատվելու է այդ թեմայի էլ ավելի խորացում: Էլիբեգովան կոչ արեց պատրաստված լինել և դիմագրավել ապատեղեկատվության այդ մեծ հոսքին:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում