ԱԺ ոչ իշխանական ուժերն ԱԺ արտահերթ նստաշրջանը բոյկոտելու որոշումն իրավիճակային են համարում

ԱԺ ոչ իշխանական ուժերն ԱԺ արտահերթ նստաշրջանը բոյկոտելու որոշումն իրավիճակային են համարում

Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերը կարևոր են համարում կառավարության հրավիրած արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված հարցերը, իսկ նստաշրջանը բոյկոտելը նրանք կապում են ստեղծված իրավիճակի հետ: Ազգային ժողովում 4 ոչ իշխանական ուժերի համատեղ ասուլիսում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ նիստի օրակարգում ընդգրկված էին շատ հետաքրքիր հարցեր, որոնց ինքը կցանկանար մասնակցել, սակայն բոյկոտի մասին որոշում է կայացվել, քանի որ անհրաժեշտություն կար առաջին հերթին քննարկելու վերջին բռնությունների դեպքերը, որոնց զոհն է նաև պատգամավոր Արամ Մանուկյանը: «Բոյկոտելու որոշումը պայմանավորված էր ստեղծված իրավիճակով՝ ազատամարտիկների և մեր գործընկերոջ նկատմամբ իրականացված բռնությունների հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ջհանգիրյանը:

Նրա տեսակետը պաշտպանեց նաև ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը, ով նշեց, որ նստաշրջանի օրակարգում իսկապես կան հետաքրքիր և կարևոր նախագծեր, իսկ բոյկոտի մասին որոշումն իրավիճակային էր՝ կապված վերջին բռնությունների հետ: Նա ընդգծեց նաև, որ կառավարության հրավիրած արտահերթ նիստի օրակարգում կան նաև մի շարք վարկային պայմանագրեր, որոնց իրենք դեմ են, սակայն բոյկոտելու որոշումը որևէ կապ չունի դրա հետ:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ պաշտպանեց պատգամավորների տեսակետը՝ բոյկոտի որոշման իրավիճակային լինելու մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում