ԱԺ փոխնախագահը ֆինանսական շուկայի իրավիճակի համար արտահերթ նիստը նպատակահարմար չի համարում

ԱԺ փոխնախագահը ֆինանսական շուկայի իրավիճակի համար արտահերթ նիստը նպատակահարմար չի համարում

Դրամի արժեզրկումը և նկատվող թանկացումները մտահոգում են իշխանություններին և գտնվում են նրանց ուշադրության կոնտրոնում: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով խնդրի վերաբերյալ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու՝ ոչ իշխանական ուժերի նախաձեռնությանը: «Թանկացումները և դրամի արժեզրկումը մտահոգում են մեզ: Սակայն ես այն կարծիքին եմ, որ նման հարցերը, որոնք լուրջ մասնագիտական վերլուծությունների կարիք ունեն, պետք է փակ քննարկում անցնեն, որովհետև տեսախցիկների առկայությունը կարող է նպաստել, որպեսզի որոշ պատգամավորներ ավելի շատ զգացմունքային ելույթներ ունենան, իսկ դրա կարիքն ընդհանրապես չկա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

Նա ընդգծեց, որ ԱԺ նիստի ընթացքում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն էլ բարձրացրել է թեմայի վերաբերյալ խորհրդարանական լսումներ հրավիրելու հարցը: «Ես արձագանքեցի պարոն Բագրատյանին և ասացի, որ այդ հարցն ավելի լավ կլինի քննարկել փակ ֆորմատով՝ լուրջ և փորձառու տնտեսագետների մասնակցությամբ: Իսկ այդ քննարկումից հետո ցանկացած պատգամավոր կարող է իր տեսակետը լրատվամիջոցների միջոցով փոխանցել հասարակությանը»,- նշեց նա՝ հավելելով, որ Հրանտ Բագրատյանը՝ որպես փորձառու տնտեսագետ, համաձայնել է իր հետ այդ հարցի շուրջ:

Դիտարկմանը, թե ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ սա այն հարցն է, որը մտահոգում է յուրաքանչյուր ընտանիքի, և քննարկումները պետք է բաց լինեն բոլորի համար, Շարմազանովն ընդգծեց, որ ինքը հարգում է Նաիրա Զոհրաբյանին և նրա կարծիք հայտնելու իրավունքը, սակայն նրա խոսքերն իր համար վերջին ճշմարտություն չեն: «Նույնիսկ ընտանիքում լինում են հարցեր, որոնք բաց քննարկման համար չեն: Հիմա սա այն դեպքն է, որ պահանջվում է փակ քննարկում: Ես չեմ կարծում, որ տեսախցիկների առկայությամբ մենք կկարողանանք որևէ օգուտ քաղել և օգտակար բան լսել, բացի զգացմունքային ելույթներից՝ նաև այնպիսի պատգամավորների կողմից, ովքեր այս հարցում մասնագետներ չեն»,- նշեց ԱԺ փոխնախագահը:

Ազգային ժողովի ԲՀԿ, ՀԱԿ, ՕԵԿ և «Ժառանգություն» խմբակցությունները դեկտեմբերի 17-ին պատրաստվում են արտահերթ նիստ հրավիրել, որի ժամանակ կքննարկվի հանրապետության ֆինանսական շուկայում ստեղծված իրավիճակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում