Հիմնանորոգվել է Զառիթափ տանող տեղական նշանակության ավտոճանապարհը

Հիմնանորոգվել է Զառիթափ տանող տեղական նշանակության ավտոճանապարհը

«Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագրի շրջանակներում, 2014 թվականի նոյեմբերին ավարտվել են Վայոց ձորի Մ2 միջպետական ավտոճանապարհից դեպի Զառիթափ տանող տեղական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները: Ներհամայնքային ավտոճանապարհը սկիզբ է առնում Տ-9-15 Մ2- Զառիթափ ավտոճանապարհի 5.4 կմ-ից, անցնում Զա ռիթափ գյուղի միջով և ավարտվում նույն գյուղի վերջնամասում: Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ից, մինչ վերանորոգումը ճանապարհահատվածի հողային պաստառը և իջատեղերը գտնվում էին վատ վիճակում: Ճանապարհի ասֆալտբետոնե ծածկը խիստ քայքայված էր, առաջացել էին տարբեր խորությամբ և մակերեսով փոսեր, որոնք էլ անանցանելի էին դարձրել երթևեկությունը տվյալ հատվածում:

«Վայքի ՃՇՇ» ՓԲ ընկերության կողմից կատարված հիմնանորոգման աշխատանքների արդյունքում շուրջ 600 մ երկարությամբ ճանապարհահատվածի վրա իրականացվել են ճանապարհի հողային պաստառի վերականգնման և ասֆալտբետոնե ծածկի կառուցման աշխատանքներ: Վերականգնվել են նաև կողային առուները, կողնակները և իջատեղերը:

Աշխատանքներն իրականցվել են ՀՀ 2014թ. պետական բյուջեի միջոցների հաշվին` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի պատվերով: Կապալի պայմանագրային արժեքը 39.400.000 ՀՀ դրամ է:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանով ձևավորվել է հանձնաժողով, որի կազմում ընդգրկվել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության, «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի, «Տրանսպորտի ԾԻԳ» ՊՀ-ի, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի, ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության, կապալառու կազմակերպության, տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների պատասխանատու աշխատակիցներ, ՀՀ Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի ղեկավարը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում