ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու ՀՅԴ-ի նախաձեռնությանը միացել է նաև ՀՀԿ-ն

ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու ՀՅԴ-ի նախաձեռնությանը միացել է նաև ՀՀԿ-ն

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը դեկտեմբերի 16-ին արտահերթ նիստ կհրավիրի: Արտահերթ նիստի ընթացքում կընդունվի ազատամարտիկների և պատգամավոր Արամ Մանուկյանի վրա հարձակման դեպքերը դատապարտող ԱԺ հայտարարություն: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արմեն Ռուստամյանը տեղեկացրեց, որ արտահերթ նիստ հրավիրելու համար հավաքվել է անհրաժեշտ 44 ստորագրությունը: ՀՅԴ նախաձեռնությանը միացել է նաև ՀՀԿ խմբակցությունը:

Դեկտեմբերի 15-ին նույն հարցով արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ էին հանդես եկել ոչ իշխանական 4 խմբակցություններ՝ ՀԱԿ-ը, ԲԲՀԿ-ն, «Ժառանգություն»-ը և ՕԵԿ-ը, սակայն նիստը չկայացավ քվորում չլինելու պատճառով: ՀՀԿ խմբակցությունը նիստին չմասնակցեց: ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ իրենք չեն մասնակցելու այդ արտահերթ նիստին, քանի որ ձևաթղթում առկա ձևակերպումներն ընդունելի չեն իրենց համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում