ԵՄ դեսպանները կոչ են անում Հայաստանի իշխանություններին պատժել բռնությունների հեղինակներին

ԵՄ դեսպանները կոչ են անում Հայաստանի իշխանություններին պատժել բռնությունների հեղինակներին

Եվրոպական միության պատվիրակությունը, Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ համաձայնությամբ, հանդես է գալիս հետևյալ հայտարարությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում ԵՄ գրասենյակից, պատվիրակությունը հայտնում է իր մտահոգությունը Երևանում վերջերս տեղի ունեցած դեպքերի՝ քաղաքացիական ակտիվիստիների և ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ հարձակումների առնչությամբ:

ԵՄ պատվիրակությունը ողջունում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը, որում նա կոչ է անում իրականացնել դեպքերի արդյունավետ և անկախ քննություն: ԵՄ պատվիրակությունը կոչ է անում Հայաստանի իշխանություններին հրատապ և վճռական քայլեր ձեռնարկել օրինախախտներին անհապաղ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

ԵՄ պատվիրակաությունը կրկին հաստատում է իր մտահոգությունը 2013 թվականին տեղի ունեցած համանման դեպքերի նկատմամբ քննության արդյունքների բացակայության առնչությամբ:

Օրենքի անարդյունավետ կիրարկման ընկալումն աճող մտահոգությունների տեղիք է տալիս Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, մարդու իրավունքների պաշտպանների և միջազգային դիտորդների շրջանում և առաջ է քաշում Հայաստանում անպատժելիության մթնոլորտ զարգացնելու վտանգ:

ԵՄ պատվիրակությունը վկայակոչում է, որ ժողովրդավարական սկզբունքների, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը մնում է ԵՄ-Հայաստան երկկողմ հարաբերությունների կարևոր բաղադրիչը, ինչպես համաձայնեցվել է Վիլնյուսում 2013 թվականի նոյեմբերին արված համատեղ հայտարարությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում