Էրդողանի Թուրքիան Արեւմուտքի համար վստահելի դաշնակից չէ. The Guardian
Նմանատիպ
Անգլիական The Guardian թերթն, անդրադառնալով արեւմտյան երկրների եւ դրանց շահերի հետ Թուրքիայի որդեգրած ներքին եւ արտաքին քաղաքականության համընկել-չհամընկելու հարցին, իր վերլուծականում գրում է, որ Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «պարանոիկ քաղաքականությունը եւս մեկ կեղտոտ էջ է մտել», ինչը ցույց է տալիս, որ այդ երկիրը Արեւմուտքի համար «վստահելի դաշնակից չէ»:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նշելով, թե կասկած չկա, որ անցյալ կիրակի Ստամբուլում լրագրողների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների եւ ոստիկանության նախկին պաշտոնյաների ձերբակալություններն Էրդողանի անմիջական հանձարարությամբ են իրագործվել, թերթը գրում է. «Թուրքիայի Նախագահի այս վերջին հարվածը Եվրամիության եւ ԱՄՆ-ի համար ավելի մեծ եւ ցավալի խնդիր ի հայտ բերեց: Այսքանից հետո ինչպե՞ս կարող է Էրդողանի վարչակարգով Թուրքիան դաշնակից համարվել ժողովրդավարական Արեւմուտքի համար», -հարց է բարձրացնում թերթը:
Պարբերականը գրում է, որ Բրյուսելում վերջնականապես հասկացել են, որ Էրդողանի նեոիսլամիստական «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը ԵՄ անդամակցության հարցում «այլեւս լուրջ չէ»:
Թուրքիայում անցյալ դեկտեմբերին բացահայտված կոռուպցիոն սկանդալից հետո այդ բացահայտումների հեղինակների նկատմամբ Էրդողանի հանձնարարությամբ իրագործված պատիժները ցուցադրությունն են այն բանի, որ «այդ գործողությունները հակասում են Եվրոպայի արժեքներին եւ չափանիշներին, որոնց ձգտում է մաս կազմել Թուրքիան»:
Թերթը գրում է, որ արդեն բացահայտ է, որ Էրդողանի ե՛ւ վարչապետության, ե՛ւ նախագահության ժամանակաշրջաններում Թուրքիայի իշխանությունը խիստ հեռացել է Արեւմուտքի ժողովրդավարական սկզբունքներից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում