Հայոց ցեղասպանության մասին թուրք ռեժիսորի «Խզում» ֆիլմը փետրվարից կցուցադրվի Երևանում և Մոսկվայում

Նմանատիպ
Թուրքական ծագում ունեցող գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքընի` Հայոց ցեղասպանության մասին պատմող The Cut («Խզում») ֆիլմը 2015 թվականի փետրվարից կցուցադրվի Երևանի և Մոսկվայի կինոթատրոններում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այդ մասին «ՏԱՍՍ»-ին տեղեկացրել են «Մարս մեդիա» ընկերությունից, որը ևս մասնակից է ֆիլմի արտադրությանը:
«Ֆիլմի պրեմիերան Մոսկվայում տեղի կունենա փետրվարի 4-ին, իսկ երկու օր անց` փետրվարի 6-ին` Երևանում: Ֆաթիհ Աքընն այդ քաղաքներում անձամբ կներկայացնի ֆիլմը»,- ասել են ընկերությունում:
138 րոպե տևողությամբ ֆիլմն արդեն ցուցադրվել է Գերմանիայում և Ֆրանսիայում: «Խզում» ֆիլմի սցենարի հեղինակներն են հենց ինքը` ռեժիսորը, և Մարտիկ Մարտինը: Ֆիլմը պատմում է Ցեղասպանությունը վերապրած հայ մարդու` Նազարեթ Մանուկյանի մասին, ով տարիներ անց հանկարծակի իմանում է, որ իր զույգ աղջիկները հնարավոր է ողջ են մնացել և սկսում է նրանց փնտրտուքները: Ֆիլմում նկարահանվել են Արսինե Խանջյանը, Սիմոն Աբգարյանը, Ակին Ղազին և այլք:
Աքընի համար «Խզում»-ը դարձել է առաջին միջազգային ծրագիրը: Ֆիլմի արտադրությանը մասնակցել են 7 երկրներ` Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Կանադան, Լեհաստանը, Թուրքիան և Ռուսաստանը: Ֆիլմի բյուջեն կազմել է 15,5 մլն եվրո: Նկարահանումները սկսվել են 2013 թվականի մարտին և տեղի ունեցել Հորդանանում, Կանադայում, Գերմանիայում, Կուբայում և Մալթայում: Եվրոպացի նշանավոր կինոգործիչ, ազգությամբ թուրք Ֆաթիհ Աքընը ծնվել է Գերմաիայի Համբուրգքաղաքում: Նա բազմաթիվ կինոփառատոնների դափնեկիր է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում