Լեհաստանում ՀՀ դեսպանը այցելել է Մալոպոլսկի մարզ և Կրակով

Նմանատիպ
Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը աշխատանքային այց է կատարել Լեհաստանի Մալոպոլսկի մարզ և Կրակով քաղաք: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, դեկտեմբերի 12-ին դեսպան Ղազարյանին ընդունել է Լեհաստանի Մալոպոլսկի մարզի նահանգապետ Եժի Միլլերի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լեհական բարեկամական հարաբերություններին առնչվող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է եղել Լեհաստանի Մալոպոլսկի մարզի և Հայաստանի մարզերից մեկի միջև համագործակցության հնարավորություններին, ինչպես նաև զբոսաշրջության, փոքր և միջին ձեռներեցության, կրթության և այլ բնագավառներում համագործակցության հեռանկարներին:
Դեսպան Ղազարյանի հաջորդ հանդիպումը Կրակովի քաղաքապետ Յացեկ Մայխրովսկու հետ էր: Կողմերը քննարկել են Հայաստանի և Լեհաստանի միջև ապակենտրոնացված համագործակցության հեռանկարները: Մասնավորապես, քաղաքապետը հիշատակել է անցյալ տարի Գյումրու քաղաքապետի Կրակով կատարած այցը՝ բարձր գնահատելով հայկական կողմի պատրաստակամությունը երկու քաղաքների միջև համագործակցությունը զարգացնելու հարցում:
Այնուհետև դեսպան Ղազարյանն այցելել է Կրակովի Յագելոնյան համալսարանի թանգարան, որտեղ հանդիպում ունեցավ թանգարանի տնօրեն, հայագետ, պրոֆեսոր Քշիշտոֆ Ստոպկայի հետ: Հանդիպման ընթացքում պրոֆեսոր Ստոպկան դեսպան Ղազարյանին ներկայացրել է իր կողմից մինչ այժմ իրականացված հայագիտական աշխատանքներն ու ուսումնասիրությունները, ինչպես նաև տեղեկացրել կազմակերպված տարբեր գիտաժողովների մասին: Քննարկվել են համալսարանի հետ փոխգործակցության հաստատման հնարավորությունները:
Դեսպանը ներկա է գտնվել Կրակովի Յագելոնյան համալսարանի թանգարանում տեղի ունեցած Հարավային Կովկասի տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ քննարկմանը, որը նախագահում էր Վարշավայի համալսարանի դասախոս, Հայաստանում Լեհաստանի նախկին դեսպան Թոմաշ Կնոտեն, իսկ հիմնական բանախոսներն էին Հայ դատի երևանյան գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը և քաղաքագետ, լրագրող, ՌԴ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական Արսեն Մելիք-Շահնազարովը: Քննարկմանը մասնակցում էին բազմաթիվ հայագետներ, ուսանողներ, դասախոսներ: Քննարկումից հետո դեսպան Ղազարյանը հանդիպել է Կրակովի Յագելոնյան համալսարանում սովորող հայ ուսանողներին և դասախոսներին:
Դեկտեմբերի 13-ին դեսպան Ղազարյանը Կրակովի հայկական կիրակնօրյա դպրոցում ներկա է գտնվել դպրոցի հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ կազմակերպված տոնական միջոցառմանը: Այցի շրջանակներում դեսպանն այցելել է Կրակովի կաթոլիկ եկեղեցի և եկեղեցապետի ուղեկցությամբ ծաղիկներ զետեղել ավիավթարի զոհ դարձած` Լեհաստանի նախկին նախագահ Լեհ Կաչինսկու և նրա տիկնոջ շիրիմներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում