Դավութօղլուն Դինքի սպանությունը պատահական չի համարել

Դավութօղլուն Դինքի սպանությունը պատահական չի համարել

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ պատահական հանցագործություն չի համարում Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Դավութօղլուն խոսել է թուրքական Haberturk Gazatesi-ի լրագրողի հետ զրույցում: «Հրանտ Դինքին ես ճանաչել եմ իմ ակադեմիական կյանքում, սիրել եմ` որպես մտավորական, իմ կողմից հարգված մարդ էր»,- նշել է վարչապետը` պատմելով, թե ինչպես են մի անգամ միասին կոնֆերանսի եղել:

«Ես երբեք չեմ մոռանա այն օրը, երբ նա սպանվեց: Երբ տեղեկացա այդ մասին, շատ տխրեցի: Պարոն Աբդուլլահ Գյուլն այն ժամանակ արտգործնախարար էր, նրան զանգահարեցի: Ես Ստամբուլում էի, նա` Անկարայում: Ասացի նրան. «Ողջ սփյուռքին կանչենք Ստամբուլ` թաղման արարողությանը: Թող մեր դեսպանները զանգեն և պաշտոնապես հրավիրեն նրանց»: Կանչեցինք, և բոլորը եկան: Դա մի հեղաշրջում էր»,- պատմել է Դավութօղլուն: Նա չի հերքել Դինքի ընտանիքի հետ հանդիպելու հնարավորությունը` ասելով, որ կարող է պատահել:

Վարչապետը խոսել է նաև իր գլխավոր խորհրդականի` Էթյեն Մահչուփյանի նշանակման մասին: «Ես Էթյեն Մահչուփյանին իմ գլխավոր խորհրդականը դարձրեցի ոչ թե նրա հայկական ինքնության, այլ նրան վստահելու համար: Սա երկրի հանրապետական պատմության ընթացքում ամենաբարձր պաշտոնն է, որ զբաղեցրել է մեր հայ քաղաքացին»,- ասել է վարչապետը` հավելելով, որ իր նման որոշումը պայմանավորված է Մահչուփյանի ինտելեկտուալ կարողությամբ:

Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին` խմբագրության առջեւ նրա վրա կատարված զինված հարձակման արդյունքում:

2012 թվականի հունվարի 17-ին դատարանի որոշմամբ` Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը` 22 տարվա ազատազրկման:

2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում է կայացրել Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից:

Այս անգամ բոլոր ամբաստանյալներին կառաջադրվի «հանցավոր խմբավորման ստեղծման եւ կառավարման կամ դրանում մասնակցություն ունենալու» մեղադրանք: Բացի այդ, Դինքի սպանության ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած 9 անձանց, այդ թվում` Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջալալեդդին Ջեռռահի նկատմամբ դատական գործեր հարուցելու կապակցությամբ որշումներ են ընդունվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում