Ինչու՞ են բացակայում վիճակագրության տվյալները որդեգրման ենթակա երեխաների մասին՝ 2008 թ.-ից ի վեր

Համաձայն պաշտոնական տվյալների՝ ՀՀ-ում գործում է 8 մանկատուն, որտեղ իրականացվում է 940 երեխայի խնամք, որոնցից 360-ը՝ մասնագիտացված մանկատներում:

«Փաստինֆո» լրատվական գործակալությունն Ազգային վիճակագրական ծառայության կայքում փորձել է պարզել 2008թ.-ից մինչ այսօր կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրման ենթակա երեխաների թվաքանակի վերաբերյալ վիճակագրությունը, և ոչինչ չի գտել:

«Ինչ է ստացվում, որ 2008թ.-ից հետո վիճակագրություն չի արվել, որին իհարկե դժվար է հավատալ, կամ այդ թվերը այնքան խոսուն են, որ նպատակահարմար չի գտնվել արտացոլել կայքում, կամ պարզապես այս թեման այնքան էլ մտահոգիչ չէ»,- նշում է աղբյուրը:

Տեղեկատվության համաձայն՝ 2005-2008թթ հանրապետությունում գործել է 13 մանկատուն, որից 8-ը պետական, 5-ը՝ ոչ պետական։ 2008թ.-ին ոչ պետական մանկատներից 1-ը դադարեցրել է գործունեությունը։ Երևանում բոլոր այդ տարիներին գործել է 3 պետական մանկատուն։ Հանրապետությունում գործող 13 մանկատանը 2007թ. բաժին է ընկել հաշվառված որդեգրման ենթակա 17, Երևանում’ 37 երեխա, իսկ 2008-ին’ 13, Երևանում 28 երեխա։

Պաշտոնական վիճակագրությունը վերաբերվում է միմիայն կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրման ենթակա երեխաներին։ Ըստ այդմ` 2007թ.-ին նրանց թիվը եղել է 219, իսկ 2008-ին’ 156: Երևանում 2007թ.-ին որդեգրման ենթակա երեխաների թիվը եղել է 112, 2008-ին’ 83: Կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրված երեխաների թիվը 2007թ. եղել է 126, Երևանում’ 59, իսկ 2008-ին’ 110 , Երևանում՝ 71:

2005, 2006, 2007 և 2008թթ կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրման ենթակա երեխաների թիվը հանրապետությունում եղել է 742, Երևանում’ 347: Նույն ժամանակահատվածում օտարերկրացի որդեգրողի թիվը եղել է 722։

Բերված վիճակագրությունն արտացոլում է բացառապես կենտրոնացված հաշվառման վերցված երեխաների վիճակագրությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում