Լիցենզիայի նոր ձևը և լիցենզավորման փոփոխված կարգը, կբարելավեն ոլորտի աշխատանքը

Լիցենզիայի նոր ձևը և լիցենզավորման փոփոխված կարգը, կբարելավեն ոլորտի աշխատանքը

ՀՀ կառավարությունը հաստատել է մարդատար տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրման կազմակերպման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը:

Նոր կարգի գործողությունը տարածվում է մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրում իրականացնող բոլոր կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից), անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց վրա:

Վարչապետ Աբրահամյանի կարծիքով՝ լիցենզիայի նոր ձևը և լիցենզավորման փոփոխված կարգը, կբարելավեն ոլորտի աշխատանքը, ինչը թույլ կտա որակյալ ծառայություն մատուցել քաղաքացիներին: Միաժամանակ կպարզեցվի լիցենզավորման գործընթացը, կնվազի կոռուպցիոն ռիսկը:

Նախագծով մասնավորապես նախատեսվում է մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման հնարավորությունը վերապահել նաև ֆիզիկական անձանց: Նախկինում լիցենզիա տրվում էր միայն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին, իսկ պետական տուրքը կազմում էր 25000 դր.:
Նոր կարգով հանվել են նաև ավտոմոբիլների կայանատեղերի առկայությունը, որը նախկինում կազմում էր՝ մեկ ավտոմոբիլի կայանման համար առնվազն 20 քառ. մետր մակերես:

Նախորդ որոշմամբ լիցենզիայի հատկացման կարգը պարտադրում էր՝ ավտոմոբիլների` ուղևորափոխադրումների դուրս գալուց առաջ տեխնիկական վիճակի վերահսկման կետի (դիտափոս կամ էստակադա) առկայությունը և վարորդների ամենoրյա բուժզննման կետի առկայությունը: Այս նախագծով այդ կետերը նույնպես հանվում են:
Այս նախագծով լիցենզիայի և ներդիրի տրամադրման ժամկետը 30 օրից նվազել է մինչև 10 օր, նաև հանվում է դեղին համարանիշների պահանջը, որը ազատում է վարորդներին լիցենզիայի հանձնաժողովից տեղեկանքը ստանալուց հետո այն ներկայացնել ոստիկանություն, որպեսզի ստանա դեղին հիմնագույնի համարանիշների տեղեկանք, որն էլ պարտավոր էր ներկայացնել լիցենզավորման հանձնաժողով:

Այդպիսով ֆիզիկական անձը կարող է միայն վճարել արտոնագրային եռամսյակային վճարը, որը կազմում է՝ Երևանում 29000 դր, իսկ Երևանից դուրս՝ 16800 դր:
Կառավարության որոշմամբ հստակեցվել են մարդատար տաքսի ավտոմոբիլների տարբերանշանները, այժմ ուղեսրահում` ուղևորին տեսանելի մասում տեղադրված տաքսամետրի, թափքի կողային մասում շախմատաձև տարբերանշանի, ուղեսրահում զբաղված լինելը (չլինելը) արտահայտող լուսացուցիչի, տանիքին «ՏԱՔՍԻ» գրառմամբ դեղին գույնի տարբերանշանի, տաքսի-ծառայություն մատուցող կազմակերպության և տվյալ ավտոմոբիլի վարորդի մասին տեղեկատվության հետ մեկտեղ պետք է նաև հրապարակել գնացուցակը, ինչը կհանգեցնի սպառողների շահերի պաշտպանության բարձրացմանը:

Վարչապետը նաև նշել է, որ ապահովագրական ընկերությունների կողմից խնդիրներ են հարուցվում տաքսի ավտոմեքենաների վարորդների նկատմամբ և փոխվարչապետին հանձնարարել է զբաղվել այդ խնդրով:

Հայկ Մարտիրոսյան

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում