Արցախում 2100 մարդ աշխատանք է փնտրում

Արցախում 2100 մարդ աշխատանք է փնտրում

ԼՂՀ-ում աշխատանք փնտրող անձանց թվաքանակը այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում է 2100 մարդ. նրանցից 2022-ը կանայք են: Նախորդ տարվա համեմատ այդ ցուցանիշը նվազել է 1112 մարդով. 2013թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրող անձանց թվաքանակը կազմում էր 3212 մարդ, որից 3052-ը կանայք: Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին ԼՂՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի եւ զբաղվածության գործակալությունից, աշխատանք փնտրողների 93.1 տոկոսը կամ 1955 մարդ ստացել է գործազուրկի կարգավիճակ: Գրանցված 1955 քաղաքացիներից գործազրկության նպաստ է ստանում 22 անձ:

Տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 111 գործազուրկ: Նախորդ տարվա համեմատ այս ցուցանիշը նվազել է 56-ով: Աշխատանքի տեղավորվածների ցանկում մեծամասնություն են կազմում կանայք: Նրանք հիմնականում աշխատանքի են անցել առևտրի, հասարակական սննդի, կրթության ոլորտներում պետական և տեղական ինքնակառավարման ապարատում: Համաձայն վիճակագրության` գործազուրկների 91,3 տոկոսը բնակվում են քաղաքում:

Գործազուրկների մեջ մեծամասնություն են կազմում հատկապես 30-50 տարեկանները: Գործազուրկների մեծամասնությունը ընդհանուր կամ թերի միջնակարգ կրթություն ունեն: Գործազուրկների 7.1%-ը` բարձրագույն, 24.6 տոկոսը միջին մասնագիտական կրթություն ունեն: Գործազուրկների մեջ մեծ թիվ են կազմում մանկավարժները, բուժքույրերը, տնտեսագետներն ու հաշվապահները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում