«Zaman»-ի գլխավոր խմբագիրն ազատ է արձակվել

Ստամբուլի դատարանը որոշում է կայացրել ազատ արձակել «Zaman» թերթի գլխավոր խմբագիր Էքրեմ Դումանլիին: Այս մասին տեղեկացնում է TRT Haber-ը:

Սակայն դրա հետ մեկտեղ Դումանլիին արգելել են լքել երկիրը:
Էքրեմ Դումանլին ձերբակլվել էր դեկտեմբերի 15-ին և մեղադրվում էր գյուլենական շարժման հետ սերտտ կապեր ունենալու մեջ:

Ֆեթուլլահ Գյուլենը «Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդն է: Գյուլենի շարժումը արդի իսլամ քարոզող հզոր շարժում է: Այն հարյուրավոր դպրոցներ ունի աշխարհի բազմաթիվ իսլամական երկրներում, այդ թվում’ Թուրքիայում: Մինչ վերջերս այն համարվել է Էրդողանի գլխավորած ԱԶԿ-ի քաղաքական հենարանը: Շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի և ժողովրդավարության համատեղելիություն:

Ֆեթուլլահ Գյուլենը, ով 1999թ. որպես վտարանդի բնակվում է ԱՄՆ-ում, մեծ ազդեցություն ունի թուրքական կառավարության և ուժային կառույցների վրա: Թուրքական խորհրդարանում ԱԶԿ-ի զգալի թվով պատգամավորներ համարվում են գյուլենական աղանդի հետևորդներ:

Ֆեթուլլահ Գյուլեն-Էրդողան հակասությունների համատեքստում թուրքական իրավապահ մարմինների կողմից անցկացված գործողությունների արդյունքում բացահայտվել էր Էրդողանի, նրա որդիների, կառավարության անդամների’ խոշոր ծավալների հասնող կոռուպցիոն գործարքները: Այդ փաստորեն արտացոլող հեռախոսային զրույցների ձայնագրությունները համացանցում հայտնվելուց հետո, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և, հատկապես, Էրդողանի հեղինակությունն ու վարկանիշը Թուրքիայում զգալիորեն նվազել էր:

Դրանից հետո Էրդողանը Գյուլենի շարժումը «զուգահեռ կառույց» էր անվանել: Նա հայտարարել էր, որ իր հակապետական գործունեությամբ այդ կառույցն ապացուցել է, որ ոչ թե կրոնական հոսանք է, այլ քաղաքականացված և ապօրինի կազմավորում, որի գործողություններն ուղղված են երկրի ազգային շահերի վնասմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում