Դավութօղլուի աղջկան ցածր գնահատական նշանակած ուսուցիչը հեռացվել է

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի աղջկան ցածր թվանշան դրած մաթեմատիկայի ուսուցիչը հեռացվել է աշխատանքից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Թարաֆ» պարբերականը:

Իններորդ դասարանում սովորող Հաջեր Բյուքե Դավութօղլուն մաթեմատիկայի քննությունից ցածր գնահատական ստանալուց հետո ուսուցչից պահանջել է իր աշխատանքը, սակայն ուսուցիչը հրաժարվել է դա անել` ավելի ուշ տրամադրելով միայն աշխատանքի պատճենահանված տարբերակը: Այս դեպքից կարճ ժամանակ հետո ուսուցչին հեռացրել են աշխատանքից և այդ դասարանում մաթեմատիկայի ուսուցիչ են նշանակել փոխտնօրենին:

Դպրոցի տնօրինությունն ավելի ուշ հայտարարել է, որ ուսուցչի հեռացումը պայմանավորված չէ վերոնշյալ դեպքով: Իսկ վարչապետի գրասենյակից հայտնել են, որ բնական է, երբ աշակերտը ցածր գնահատական ստանալուց հետո ցանկացել է տեսնել իր աշխատանքը: Այդուհանդերձ նշվել է, որ այս թեմայի հետ կապված «չարաշահվել են Դավութօղլուի պաշտոնն ու անձը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում