ԿԳՆ օրակարգում` սիրիահայերի կրթական կարիքները

ՀՀ կրթության և գիտության նախարարության և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Սիրիայում ստեղծված իրավիճակի հետևանքով Հայաստան վերադարձած սիրիահայերի կրթության կազմակերպման խնդիրները: «Առկա իրավիճակում մեր հայրենակիցների կրթական կարիքների բավարարման գործընթացում պարբերաբար տարբեր հարցեր են ծագում, և պետությունը պարտավոր է ստեղծել բոլոր հնարավորությունները և լծակները’ կրթության տարբեր աստիճաններում վերջիններիս համապատասխան կրթական ծառայություններ առաջարկելու համար:

Հասարակությունը ևս պետական մարմիններից ակնկալում է հատուկ պայմաններ և մոտեցումներ, մասնավորապես, գործընթացն անհարկի չբյուրոկրատացնելու և մեր հայրենակիցների համար ավելորդ խոչընդոտներ չստեղծելու, ինչպես նաև սիրիահայերին մեր հասարակությանն ինտեգրելու տեսանկյունից: Պետք է անել հնարավորը’ դժվար իրավիճակում հայտնված մեր հայրենակիցների համար բարենպաստ պայմաններ և միջավայր ստեղծելու և անհատական մոտեցում որդեգրելու համար»,-ներկայացնելով առկա խնդիրները’ նշել է նախարարը:
Անդրադառնալով հանրակրթության ոլորտում սիրիահայ երեխաների կրթության հնարավորությանը’ Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ ձեռք է բերվել համաձայնություն’ նշված հարցում միանման քաղաքականություն իրականացնելու վերաբերյալ: Նախարարը նշել է, որ հիմնական դպրոցներում Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ որոշակի խնդիրներ իրենց լուծումն են գտել’ համապատասխան դպրոցների ընտրության, արագացված կուրսերի կազմակերպման, ինչպես նաև անհատական մոտեցման համատեքստում: Նախարարը հանրակրթության վարչության պետին հանձնարարել է նշված գործընթացն իրականացնել նաև ավագ դպրոցներում’ մայրաքաղաքում համապատասխան տարածքային բաշխմամբ առանձնացնել երեք ավագ դպրոց և հրապարակել դրանց ցանկը, որպեսզի մեր հայրենակիցները տեղյակ լինեն, թե կոնկրետ որ դպրոցներում են ստեղծվել իրենց երեխաների համար համապատասխան պայմաններ: Անդրադառնալով ուսուցման եղանակներին’ Արմեն Աշոտյանը նշել է, որ պետք է կազմակերպել արևելահայերենի արագացված դասընթացներ կամ կրթական ծրագիրն իրականացնել արևմտահայերենով, որի մասնագիտական ներուժը, ըստ նախարարի, այսօր Հայաստանում դեռևս չկա: «Ուսուցման երկրորդ տարբերակը չբացառելով’ շեշտադրումն անհրաժեշտ է դնել նախևառաջ Սիրիայից ժամանած ուսուցիչների վրա, որոնց համապատասխան ժամավճարով պետք է փորձել նշված դպրոցներում ընդունել աշխատանքի, ինչպես նաև գործընթացում ներգրավել համապատասխան որակավորում ունեցող արևմտահայերենի մասնագետների»,-ընդգծել է նախարար:
Անդրադառնալով բարձրագույն կրթության ոլորտում առկա խնդիրներին’ նախարարը նշել է, որ պետք է օբյեկտիվ, բայց հնարավորինս պարզեցված անցկացնել սիրիահայ դիմորդների այս տարվա ընդունելությունը. բացի այդ, առաջարկով դիմել բուհերին’ նախապատրաստական բաժիններում ընդգրկված սիրիահայ ուսանողների վարձավճարը այս տարի հաշվարկել 50 տոկոս նվազեցված սակագներով: Արմեն Աշոտյանը նաև տեղեկացրել է, որ նախարարություն են դիմել արդեն ընդունված ուսանողների ծնողները, որոնք ստեղծված իրավիճակում ի վիճակի չեն մուծել իրենց երեխաների ուսման վարձը’ խնդրելով այն սահմանել ոչ թե որպես օտարերկրացիների, այլ տեղացի ուսանողների վարձավճարի չափով: Նախարարը համապատասխան վարչությանը հանձնարարել է ճշգրտել ՀՀ բուհերում սովորող սիրիահայ ուսանողների քանակի, բուհերի բաշխվածխության, վարձավճարների չափի հետ կապված մի շարք հարցեր’ փորձելով որոնել համապատասխան ուղիներ’ այս տարվա համար հարցին դրական լուծում տալու համար: Արմեն Աշոտյանը հրահանգել է նաև հնարավորության սահմաններում ուսանողական հանրակացարաններում առաջնահերթության կարգով համապատասխան սենյակներ ապահովել սիրիահայ ուսանողների համար:
Խորհրդակցության ընթացքում ներկաներն անդրադարձել են ստեղծված իրավիճակում դիպլոմների փոխճանաչման և վավերականության հետ կապված հարցերում հնարավորինս արագ արձագանքելու և իրավական նոր մեխանիզմներ և տարբերակներ մշակելու խնդիրներին:
Խորհրդակցության ավարտին մասնակիցները քննարկել են նաև ծրագրային համադրության և դասագրքերով ապահովվածության խնդիրներ, ինչպես նաև որոշել համապատասխան առաջարկով դիմել համահայկական կառույցներին’ օժանդակելու սիրիահայերի կրթական կարիքների բավարարման խնդիրներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում