Ոստիկանությունից պարզաբանում են. «Վ.Ավետյանի հայրը հրավիրվել է հարցաքննության, որի ընթացքում նա ցանկություն է հայտնել ճանաչվել որդու իրավահաջորդ»
Նմանատիպ
Ոստիկանությունը հանդես է եկել պարզաբանմամբ՝ Վահե Ավետյանի սպանության գործով տուժեղի իրավահաջորդ վերջինիս հորը ճանաչելու հետ կապված շահարկումներին: Times.am-ը ներկայացնում է ոստիկանության հայտարարությունն ամբողջությամբ.
«Առնվազն անհասկանալի է վերջին օրերին հայաստանյան կայքերից մեկի բարձրացրած աղմուկը, որը այլ կերպ չես բնութագրի, քան՝ փոթորիկ մի բաժակ ջրում: Շահարկելով «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպի արդյունքում Վահե Ավետյանի մահվան թեման, ապա և տուժողի իրավահաջորդ ճանաչելու հարցը, լրատվամիջոցը զուր փորձեր է անում մեղադրանքներ հնչեցնելու նախաքննական մարմնի հասցեին՝ տեղի ունեցածը բնորոշելով որպես ոստիկանական վերաբերմունք՝ մոռանալով, սակայն, որ այս դեպքում գործ ունենք, ոչ թե հույզերի, այլ օրենքի տառի հետ, որով և առաջնորդվել ու առաջնորդվում է ոստիկանությունը: Եվ եթե հույզերի նկատմամբ օրենքի տառի ունեցած գերակայությունը չընդունելու կամ չհասկանալու հանգամանքը ինչ որ տեղ ներելի է լրատվամիջոցի պարագայում, ապա այն անընդունելի է օրենքին ծառայելու կոչված մարդու, տվյալ դեպքում՝ փաստաբանների համար:
Իսկ ինչ է տեղի ունեցել իրականում:
ՀՀ փաստաբանների պալատի փաստաբաններ Տիգրան Եգորյանը և Լուսինե Հակոբյանը 2012 թ. հուլիսի 11-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչություն հասցեագրած դիմումում խնդրել են իրենց վստահորդ Գառնիկ Սամսոնի Ավետյանին ճանաչել որպես տուժող Վահե Գառնիկի Ավետյանի իրավահաջորդ:
Ի գիտություն՝ հայտնում ենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի համաձայն՝ «Տուժողի իրավահաջորդ է ճանաչվում նրա մերձավոր ազգականներից մեկը, որը ցանկություն է հայտնել քրեական գործով վարույթում իրականացնել մահացած կամ իր կամքն արտահայտելու ունակությունը կորցրած տուժողի իրավունքները և պարտականությունները: Տուժողի մերձավոր ազգականին նրա իրավահաջորդ ճանաչելու մասին որոշումն ընդունում է հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը կամ դատարանը’ նրա խնդրանքով: Համապատասխան խնդրանքով դիմած մի քանի մերձավոր ազգականներից տուժողի իրավահաջորդի ընտրությունն իրականացնում է դատախազը կամ դատարանը»:
Փաստաբանների՝ խնդրո առարկա դիմումում բացակայում է մերձավոր ազգականներից որևէ մեկի կամարտահայտությունը տուժողի իրավահաջորդ ճանաչելու մասին, իսկ դիմումին կցված Գառնիկ Սամսոնի Ավետյանի անվամբ լրացված լիազորագրերի պատճեններն ուղղակիորեն լիազորագրի ձևաթղթեր են, որոնցով նա փաստաբաններին լիազորել է ներկայացնել իր շահերն ու իր անունից հանդես գալ. «ընդհանուր իրավասության, վարչական, վերաքննիչ, վճռաբեկ, Սահմանադրական և բոլոր այլ դատարաններում, բոլոր պետական և ոչ պետական մարմիններում, հիմնարկներում…»:
Ինչ վերաբերում է փաստաբանների’ որպես տուժողի իրավահաջորդի ներակայացուցիչ հանդես գալուն, ապա’ ՀՀ քրեական դատավարության 78-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է. «Տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի ներկայացուցիչներ են հանդիսանում այն անձինք, որոնք դատավարության նշված մասնակիցների կողմից լիազորված են քրեական գործով վարույթի ընթացքում ներկայացնելու նրանց օրինական շահերը», իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն’ «Դատավարության մասնակից չհանդիսացող ցանկացած անձ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում, իրավունք ունի պահանջելու իրեն ճանաչել տուժող, քաղաքացիական հայցվոր, քաղաքացիական պատասխանող, նրանց օրինական ներկայացուցիչ կամ ներկայացուցիչ», ուստի մինչև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատավարական կարգավիճակը հաստատվելը փաստաբանները դատավարության մասնակից չեն հանդիսանում և համապատասխանաբար միջնորդությամբ հանդես գալու իրավունք չունեն:
Փաստաբաններին բանավոր առաջարկվել է իրենց թույլ տված «բացն» արագ լրացնելու նպատակով Վահե Ավետյանի հայր Գառնիկ Ավետյանից վերցնել նախաքննական մարմնին հասցեագրված’ իրեն տուժողի իրավահաջորդ ճանաչելու մասին դիմում, սակայն, նրանք Գառնիկ Ավետյանին իրական իրավաբանական օգնություն ցուցաբերելու փոխարեն նախընտրելով էժանագին ինքնագովազդի ճանապարհը, հրաժարվել են արձագանքել գործի վարույթն իրականացնող մարմնին:
2012 թ. հուլիսի 25-ին Գառնիկ Ավետյանը հրավիրվել է հարցաքննության, որի ընթացքում նա ցանկություն է հայտնել ճանաչվել որդու’ տուժող Վահե Ավետյանի իրավահաջորդ: Նույն օրը նա ճանաչվել է տուժողի իրավահաջորդ: Այնուհետև, Գառնիկ Ավետյանը ցանկություն է հայտնել, որպեսզի փաստաբաններ Տիգրան Եգորյանը և Լուսինե Հակոբյանը քրեական գործով ճանաչվեն իր’ որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ: Նույն օրը որոշում է կայացվել Տիգրան Եգորյանին և Լուսինե Հակոբյանին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ ճանաչելու մասին և նրանց ներկայությամբ կատարվել է Գառնիկ Ավետյանի հարցաքննությունը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում