ԼՂՀ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն մայիսի առաջին տասնօրյակում

ԼՂՀ խորհրդարանական հերթական ընտրությունների անցկացման օրը հայտնի է. ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանի փոխանցամբ, դրանք կանցկացվեն 2015թ. մայիս ամսվա առաջին տասնօրյակում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Karabakh open-ը, դեկտեմբերի 24-ին հրավիրված ասուլիսում ԿԸՀ նախագահը շեշտել է, որ խորհրդարանական ընտրությունների եւ ամռանը անցկացվելիք ՏԻՄ ընտրությունների անցկացման համար շուրջ 200 մլն դրամ է նախատեսվում ծախսել:

Ի դեպ, ավելի վաղ խորհրդարանում որոշվել էր, որ համամասնական եւ մեծամասնական ընտրակարգով ընտրվողների մանդատների հարաբերակցությունը 22/11 պետք է լինի՝ գործող 17/13-ի փոխարեն։ Խորհրդարան մտնելու համար նվազագույն շեմ է սահմանվել կուսակցությունների համար 5, կուսակցությունների դաշինքի համար 7 տոկոսը՝ գործող 6-ի եւ 8-ի փոխարեն։ Փոփոխություն է մտցվել նաեւ համամասնական ընտրակարգով առաջադրվող կուսակցական ցուցակներում սեռերի հարաբերակցության մասով. նոր օրենսգրքով սկսած երկրորդ համարից յուրաքանչյուր հնգյակում սեռերի հարաբերակցությունը պետք է լինի 80/20։

Հետևեք մեզ նաև Telegram-ում