Ադրբեջանի նախագահը հայտնվել է բռնակալ առաջնորդների շարքում
Նմանատիպ
Բրիտանական մամուլն անդրադարձել է 30-րդ ամառային օլիմպիական խաղերին հետևելու նպատակով Միացյալ Թագավորություն մեկնած տարբեր երկրների ղեկավարներին: Այդ մասին տեղեկացնում է Panorama.am գործակալությունը:
Մի քանի օր առաջ «The Independent»-ը մարդու իրավունքների և խոսքի ազատության ոտնահարման համար խիստ քննադատության էր ենթարկել մրցույթի բացման արարողությանը մասնակցելու համար Լոնդոն ժամանած ավտորիտար երկրների ղեկավարներին: Թերթը դեմոկրատական երկրների ղեկավարներին ներկայացրել էր մի խմբում, ավտորիտար առաջնորդներին’ այլ խմբում: Օլիմպիական խաղերին հետևելու համար Լոնդոն մեկնած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներկայացվել է Բահրեյնի ու Ռուանդայի բռնակալ ղեկավարների հետ նույն շարքում: Այս մասին գրում է «Ազադլիգ»-ը:
«The Express» թերթը ևս իր’ «Լոնդոն 2012. Մարդու իրավունքների խախտողներ, հարկերից խուսափողներ և խարդախներ, բարով եք եկել» վերնագրով հոդվածում խիստ քննադատության է ենթարկել Ադրբեջանի բռնակալ առաջնորդին՝ նշելով, որ իրավապաշտպանները և հասարակ անգլիացիներն առանձնակի դժգոհությամբ են ընդունել դիկտատորներից մեկի այցը երկիր:
«Դա նավթով հարուստ Ադրբեջանի ղեկավար և երկրի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Իլհամ Ալիևն է:
Իրավապաշտպան «Human Rights Watch» և մյուս միջազգային կազմակերպությունները դժգոհ են խոսքի ազատության նկատմամբ Ալիևի զարհուրելի վերաբերմունքից: Նրա ղեկավարած երկրում 6 լրագրողներ մտացածին մեղադրանքներով կալանված են: Նրանց հետ ճաղերի հետևում են հայտնվել նաև ընդդիմադիր ակտիվիստներ: Մի քանի ամիս առաջ իր մասնագիտական պարտքը կատարելու ժամանակ պետական նավթային ընկերության աշխատակիցները «Ազադլիգ»-ի ֆոտոթղթակից Իդրաք Աբբասովին ուշագնացության աստիճանի դաժան ծեծի են ենթարկել: Ադրբեջանն այս տարի հյուրընկալել է «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթը, ցանկություն է հայտնել նաև օլիմպիադա հյուրընկալել: Այս երկրում ճնշում գործադրող ակտիվիստները իրավապահ մարմինների աշխատակիցներն են», -գրում է The Express-ը: