Էրդողանը ցանկանում է բանտարկել անչափահասի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է լռեցնել և պատժել բոլոր այն անձանց, ովքեր համարձակվում են իր հասցեին որևէ քննադատական խոսք հնչեցնել: Ընդ որում, այս ճանապարհին Թուրքիայի նախագահն անգամ հաշվի չի առնում այն մարդկանց տարիքը, ում նա «նստեցնում է մեղադրյալի աթոռին»: Էրդողանի կամքով` Քոնիայում ոստիկանները դպրոց գնալու ճանապարհին ձերբակալել են 16-ամյա աշակերտի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը, Մ. Է. Ա.-ն մեղադրվում է Էրդողանի հասցեին վիրավորանք հնչեցնելու մեջ:

Անչափահասը տարվել է Քոնիայի Առաջին ատյանի քրեական դատարան: Հաղորդվում է, որ ավելի վաղ Քոնիայում տեղի ունեցած ցույցերից մեկի ժամանակ աշակերտը հայտարարել էր. «Որպես ժողովրդական աշակերտներ` հայտարարում ենք, որ թալանի, կաշառակերության, գողության գլուխ հանդիսացող Էրդողանին տեսնում ենք որպես ոչ թե մեր նախագահ, այլ ապօրինի պալատի գող տեր»:

Եթե Մ. Է. Ա.-ի դեմ հարուցվի քրեական գործ, ապա համաձայն Թուրքիայի քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի` 16-ամյա աշակերտը նախագահին վիրավորելու համար կարող է դատապարտվել 1-4 տարի ազատազրկման:

Հետևեք մեզ նաև Telegram-ում