ՀԱԿ-ում դեռ մտածում են
Նմանատիպ
«Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) ընդդիմադիր դաշինքը դեռևս քննարկում է սեպտեմբերին սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին դաշինքից թեկնածուներ առաջադրելու հարցը, Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:
«Մենք հիմա քննարկում ենք, հավաքում ենք ինֆորմացիա համայնքապետերի և ավագանու անդամների թեկնածուների համար: Դեռևս կոնկրետ անուններ չունենք։ Երբ կլինի, կհայտնենք»,- նշեց նա:
Զուրաբյանը բոլոր դեպքում խոստովանում է, որ ՀԱԿ-ի հնարավորությունները հասկանալու համար պետք է վերլուծություններ անեն, որպեսզի հասկանան թե Կոնգրեսն ինչ-որ ռազմավարություն է հարկավոր հաղթանակ արձանագրելու համար, թե ոչ:
«Մենք հասկանում ենք, որ երկրում չկան պայմաններ ազատ ընտրությունների համար, լինի դա խորհրդարանական, նախագահական, թե՝ տեղական»,- ասաց նա և նկատեց, որ դրանից ելնելով էլ իրենք կհենվեն մի ելակետի վրա՝ բոլոր ընտրությունները, այդուհանդերձ, օգտագործե՞լ, թե ոչ:
«Այսինքն՝ կարողանո՞ւմ ենք դրանով թուլացնել ռեժիմին, մարդկանց ակտիվացնել, թե չէ: Այդ տեսակետից կվերլուծենք իրավիճակը և մասնակցելու որոշում կընդունենք»,- ասաց նա:
ՀԱԿ պատգամավորը կանխատեսում է, որ ՏԻՄ ընտրությունները Հայաստանում նախորդ ընտրություններից ոչնչով չեն տարբերվի:
«Ավելի վատ կլինեն, քան մյուս ընտրությունները, բայց դա ոչինչ չի նշանակում, որ ձեռքներս պետք է ծալենք ու գնանք տուն»,– ասաց նա:
«Մենք մեր կռիվը տալիս ենք, թեկուզև փոքր հաղթանակներ արձանագրում և առաջ գնում: Պետք լինի ՏԻՄ, ընտրություններն էլ կօգտագործենք նման հաղթակաների հասնելու համար»,– ավելացրեց նա:
Զուրաբյանի խոսքով, եթե չստացվի, ապա միևնույնն է, իրենք պահպանելու են իրենց ազդեցությունը որպես «Հայաստանի ամենամեծ և ամենադոմինանտ քաղաքական ուժ»:
«Ոչ ոք թող չխաբվի այն պաշտոնական 7%-ով, որ մեր ձայները գողանալուց հետո մեզ թողել են (ԱԺ ընտրություններում – Թերթ.ամ)։ ՀԱԿ-ը մնում է ամենախոշոր և դոմինանտ ուժը Հայաստանում և քաղաքական պայքարում կարող է մոբիլիզացնել տասնյակ հազարավոր մարդկանց»,-եզրափակեց Լևոն Զուրաբյանը։