Օ-սյոգացու. Նոր տարին Ծագող արևի երկրում. Ֆոտոշարք
Նմանատիպ
Ճապոնական մշակույթն իր ֆեյսբուքյան էջում գրում է`
O-սյոգացուն (Նոր տարի) Ծագող արեւի երկրում արտասովոր եւ ուրախ են տոնում: Ճապոնացիները Նոր տարին դիմավորում են ծագող արեւի առաջին շողերի հետ եւ առաջին րոպեներին սկսում են ծիծաղել: Նրանք հավատում են, որ ծիծաղը գալիք տարում իրենց հաջողություն կբերի:
Օ-սյոգացուն ճապոնացիների ամենասիրելի եւ վառ տոներից է, իսկ ամանորյա արձակուրդները, որ տեւում են դեկտեմբերի 28-ից մինչեւ հունվարի 4-ը, հանգստի օրեր են բացարձակապես բոլորի համար:
Այդ ժամանակ երկրի գործնական ամբողջ կյանքը կանգ է առնում: Տոնական այս օրերը Ճապոնիայում անվանում են «ոսկե շաբաթ»: Ինչպես եւ Հայաստանում, Ճապոնիայում նույնպես Նոր Տարին զուտ ընտանեկան տոն է համարվում: Այս ավանդույթին բոլորը սրբորեն հետեւում են, քանի որ համարվում է, որ անցնող տարվա վերջին գիշերը նախնիների հոգիները վերադառնում են տուն, եւ նրանց պետք է ուրախությամբ դիմավորել: Կողմնակի անձանց ներկայությունն այդ արարողությունը կտրականապես արգելվում է, եւ նույնիսկ հիմա ճապոնացիների մոտ ընդունված չէ այդ ժամանակ միմյանց հյուր գնալ:
Օ-սյոգացուի գալուստն ավետում են տաճարների զանգերի 108 զարկերը: Բուդդայի ուսմունքի համաձայն, մարդը ենթարկվում է հենց 108 գայթակղության եւ մեղքերի, եւ զանգի յուրաքանչյուր զարկի հետ դրանք անցյալում են մնում: Վերջին զարկի հետ ճապոնացիները գնում են քնելու, որպեսզի արթնանան մինչեւ արեւածագը եւ Նոր տարին դիմավորեն արեւի առաջին շողերի հետ: Համարվում է, որ հենց այդ րոպեներին իրենց կախարդական նավով Ճապոնիա են գալիս երջանկության 7 աստվածները:
Տաճար այցելելուց հետո ճապոնացիներն օդային օձ են բաց թողնում երկինք (երկրի ազդարարը): Տոնակատարությունն ավարտվում է տաճարների տարածքում մաքրագործող խարույկ վառելով, որում այրվում են աղոթքներով տախտակներ եւ ամանորյա զարդարանքներ:
Ճապոնացիները նույնպես Ամանորին տոնածառ են զարդարում, սակայն եղեւնու փոխարեն նախընտրում են սոճին, որը մարմնավորում է հավերժ երիտասարդությունն ու երկարակեցությունը: Հին ժամանակներում սոճին կանգնեցնում էին տան բակում, որպեսզի այն հաջողություն բերի: Հիմա այն կոչվում է «դարպասների առջեւ գտնվող սոճի» (կադոմացու):
Դռան վերեւում անպայման սոճու, սալորենու ճյուղերից եւ եղեգից «փունջ» են կախում: Երեւացող տեղում բրնձե բլիթներ՝ «մոթի» են դնում, վերեւից՝ մանդարին, ինչը խորհրդանշում է երկարակեցություն, առողջություն, երջանկություն:
Ի դեպ, Ամանորից առաջ ճապոնացիներն անպայման մեծ մաքրություն են անում եւ լոբազգիներով մաքրագործող ծիսակարգ կատարում. դրանք նետում են սենյակներում եւ ասում. «Երջանկություն՝ դեպի տուն, սատանաներ՝ դուրս»:
Ճապոնացիների ամանորյա ճաշացանկը հնագույն ժամանակներից մինչեւ հիմա չի փոփոխվել: Ինչպես հնում, այսօր էլ ճապոնացիներն «օսետի ռերի» են ուտում՝ Տոսիգամիի (աստված) սիրելի ուտեստների հստակ տեսականի: Ուտեստները մատուցվում են երեք հատուկ տուփերով: Եվ, անշուշտ, յուրաքանչյուր ուտեստ ինչ-որ բան խորհրդանշում է: Օրինակ՝ «կոհակու կամաբոկո»-ն, որը քերիչով անցկացրած ձկնային կարմիր եւ սպիտակ գունդ է: Այս ուտեստում կարմիր գույնը խորհրդանշում է հաճույքը, սպիտակը՝ սրբությունը: Ճաշացանկի կարեւոր մաս է լոբին` երկար եւ բարեկեցիկ կյանքի խորհրդանիշը, ինչպես նաեւ հնդկաձավարից «սոբա» լապշան, որը երկարակեցություն է խորհրդանշում:
Եվ վերջում՝ եւս մեկ գեղեցիկ ավանդույթ, որին ճապոնացիները հետեւում են հարյուրամյակներ շարունակ. նրանք շնորհավորական բացիկներ են գրում: Ընդ որում, բացիկներ գրելու արվեստին երեխաներին սովորեցնում են մանկությունից: Համարվում է, որ հարկավոր է շնորհավորական բացիկ ուղարկել ոչ միայն մտերիմ ընկերներին եւ հեռավոր հարազատներին, այլեւ բոլոր նրանց, ում մարդը ճանաչում է: Այդ կերպ, արդեն թոշակառու ճապոնացին մի քանի հարյուր բացիկ է ունենում:
Աղբյուրը` http://style.news.am/arm/news/9512/o-syogacu-nor-tarin-tsagox-arevi-erkrum.html
Հետևեք մեզ նաև Telegram-ում