Բաքվում խուզարկում են «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակը

Ադրբեջանի գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների գծով հետաքննչական վարչության մի խումբ աշխատակիցներ այսօր ժամը 10:30-ին ներխուժել են «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության գրասենյակ եւ խուզարկություն սկսել:

Խուզարկությունն անցկացվել է դատարանի որոշման հիման վրա: Գրասենյակում անջատվել են հեռախոսները, համակարգիչները և Ինտերնետը: Աշխատակիցներին թույլ չեն տվել մոտենալ իրենց համակարգիչներին:

Խուզարկությանը ներկա են եղել դատախազության աշխատակիցների կողմից բերված ընթերակաները: Ռադիոկայանի փաստաբան Յալչին Իմանովի համառ պահանջներից հետո թույլատրվել է խուզարկությանը ներկա լինել ռադիոկայանի երկու աշխատակիցների:

Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սուլթանովը հաստատել է տեղեկությունը: Նշվում է, որ խուզարկությունը կատարվում է Գլխավոր դատախազության կողմից քննվող քրեական գործի (ենթադրաբար` ռադիոկայանի աշխատակից Խադիջա Իսմայիլովայի) շրջանակում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում