«Մարդը պատմաբանի տիտղոսով պատմությունից բեխաբար է». Սարգիս Հացպանյանը՝ Հայկ Դեմոյանի մեղադրանքների և ռուսալեզու ատենախոսության մասին

«Երեկ ես զարմացած էի համացանցում կարդալով  Հայկ Դեմոյանի  հայտարարությունները: 2015-ին մնացել է ընդամենը  մի քանի օր և Հայոց Ցեղասպանության  թանգարան-ինստիտուտի  տնօրենն անում է այսքան անպատասխանատու  հայտարարություն՝ հանդիսանալով ակադեմիական շրջանակների մարդ: Դա ցույց է տալիս, որ 100-ամյակը նշելուն  ընդառաջ չի հասունացել մարդկանց հարցերին մոտենալու  ձևն ու բովանդակությունը: Ինձ համար անհասկանալի  երևույթ է Հայկ Դեմոյանը, ես ճանաչել եմ Լավրենտի Բարսեղյանին և պիտի ասեմ, որ իր և Դեմոյանի ժամանակաշրջանը  սևի  ու սպիտակի նման իրարից տարբերվում են: Օրինակ,  պարոն  Բարսեղյանի ժամանակ  Ցեղասպանությանը վերաբերող ցանկացած գիրք, գրքույկ, իրադարձություն, մարդ, որ գալիս և գնում էր, ուշադրության էր արժանանում, մինչդեռ տիկին Վերժինե Սվազլյանի Ցեղասպանությունը վերապրողների մասին գիրքը Ցեղասպանության  թանգարան-ինստիտուտում չեք գտնի և ոչ էլ համացանցային  բազայում: Սա Հայկ Դեմոյանի մասին ամեն ինչ ասում է: Մարդը պատմաբանի տիտղոսով  պատմությունից բեխաբար է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց հրապարակախոս-վերլուծաբան Սարգիս Հացպանյանն՝ անդրադառնալով մի շարք գործիչների  թուրքամետ  քաղաքականություն տանելու  վերաբերյալ Դեմոյանի   մեղադրանքներին:

Հացպանյանն անընդունելի համարեց, որ Դեմոյանը  Ցեղասպանության  թանգարան-ինստիտուտի տնօրեն լինելով  հանդերձ՝ ատենախոսություն է  ներկայացրել ռուսերենով, այն դեպքում  երբ Դեր Զորում հայ մայրերը մեռնելուց առաջ ավազների վրա իրենց երեխաներին հայոց այբուբենի տառերն են  սովորեցրել: Ըստ Հացպանյանի՝  Աշոտ Մելքոնյանը հայի իսկական տիպար է՝ իր վարքով, աշխատանքներով ու գաղափարներով և նրան հալածելը  մեղմ ասած՝ փոքրոգություն է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում