Գազի գնի եռակի բլեֆը
Նմանատիպ
Ինչպես հայտնի է, 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրվեց հայ-ռուսական գազային համաձայնագիրը, որով «Գազպրոմին» փոխանցվեցին «Հայռուսգազարդի» վերջին 20 տոկոս բաժնեմասերը: Պայմանագրով նաև սահմանվեց բնական գազի գնագոյացման հարցը:
Միջազգային գինն ընկնում է
Հիշում ենք, որ բոլորիս համոզում էին, թե պայմանագրի շնոհիվ մենք գազը ստանալու ենք Ռուսաստանի ներքին և «շատ» շահավետ գներով: Բացի այդ, մեզ «բացատրում» էին, որ համաձայնագրի շնորիվ գազը չի թանկանա առաջիկա 5 տարիների ընթացքում:
Այսպես, քանի դեռ մենք «համոզված ենք», որ Ռուսաստանից շատ էժան գազ ենք գնում, վերջին 1 տարում գազի գնի «ֆյուչերսները» արժեզկվել են շուրջ 30 տոկոսով: Այսինքն, հեղուկ բնական գազի միջազգային և դրա ծովային առաքման գործարքների միջին գինը «գազային համաձայնագրի» կնքումից հետո միայն ընկել է:
Սա բացատրվում է մի քանի հանգամանքներով: Նախ` սովորականից մոտ երկու անգամ ավելի էժան սլանցային գազի արտահանումը և մատակարարումը սկսում է լայն տարածում ստանալ: Երկրորդ` գազի պահանջարկի նվազման միտում կա, քանի որ բազմաթիվ եվրոպական երկրներ տարեցտարի ավելի շատ են էլեկտրաէներգիա ստանում այլ աղբյուրներից (հողմային, արևային և ատոմային): Իսկ երրորդ պատճառը գազի հիմնական մրցակից նավթի կրկնակի գնանկումն է:
Սակայն, այս ամենով հանդերձ` Հայաստանում գազի գնի էժանացման մասին, մեղմ ասած, որևէ խոսք չկա:
Ռուսաստանի ներքին գի՞ն
Կարիք չկա հիշեցնելու, որ ըստ հայտարարությունների` մենք գազը ստանում ենք «ռուսական ներքին գնով»: Ռուսական ներքին գազային մեծածախ գինը Հյուսիսային Կովկասում կազմում էր (և այժմ այն նույնն է) 4149 ռուբլի/1000 խմ-ի դիմաց: Նախորդ տարվա դոլարի կուրսով դա կլիներ 125 դոլար, որին գումարվում էր գազի՝ միչև ՀՀ սահման տեղափոխման զարմանալիորեն մեծ գինը (64 դոլար): Արդյունքում, «Գազպրոմին» պատկանող «Հայռուսգազարդը» նույն «Գազպրոմից» գազը գնում էր 189 դոլար/1000խմ գնով:
Սակայն, «Հայռուսգազարդը» մեզ գազ է վաճառում 156դրամ/1խմ գնով, ինչը այն ժամանակվա դոլարի կուրսով ստացվում էր 385 դոլար/1000խմ-ի համար, այն է` մեծածախ գնից կրկնակի թանկ:
Արդյունքում, եթե Ռուսաստանի մաս կազմող Հյուսիսային Կովկասի բնակիչները մանրածախ գազի համար վճարում էին շուրջ 5 ռուբլի/1խմ-ի դիմաց, մենք վճարում էինք դրանից 2,5 անգամ թանկ (156 դրամը մոտ 12 էր): … Իսկ թե ի՞նչ գնով է «Գազպրոմը» իր դուստր «Հայռուսգազարդին» գազ վաճառում մեզ, մեծ հաշվով, միևնույն է, քանի որ այդ գումարը «Գազպրոմի» մի գրպանից գնում է մյուս գրպանը և կարող էր անգամ ձրի լինել:
Ռուբլին ընկավ` գազը չէժանացավ… ճիշտ հակառակը
Սակայն այս տարի, բացի գազի միջազգային գնի անկումից, շուրջ 2 անգամ արժեզրկվեց ռուսական ռուբլին: Այսինքն, եթե մի տարի առաջ ՌԴ-ի հարավում գազի մեծածախ գինը կազմում էր 125 դոլար (4149/33=126), ապա այժմ, դոլարով հաշված, այն կազմում է 73 դոլար (4149/57=73): Այսինքն, Ռուսաստանում 1000 խորանարդ մետր գազի մեծածախ գինը արժեզրկվել է 52 դոլարով (համարյա կրկնակի):
Տրամաբանության սահմաններում նույն 52 դոլարով պետք է աժեզրկվեր Հայաստան մտնող գազի մեծածախ գինը և 189 դոլարից դառնար 137 դոլար: Որպես հետևանք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է նույն չափով էժանացներ նաև բնակչությանը և գործարաններին մատակարարվող գազի գինը:
Սակայն, այդ ամենը տեղի չունեցավ, քանի որ համաձայնագրով Հայաստան մտնող գազի գինը սահմանված է դոլարով (189 դոլար) և ոչ մի լումայով չի պակասել: Այսինքն, ռուսական «Գազպրոմը», չվստահելով ռուսական ռուբլու կայունությանը, իր իսկ դուստր «Հայռուսգազարդի» հետ գազի մատակարարման համաձայնագիրը ստորագրել է դոլարով, որպեսզի ռուբլու արժեզրկման դեպքում գերշահույթ ստանա (ինչը և տեղի ունեցավ):
Ճիշտ հակառակը, գազային համաձայնագրի հավելվածի 6-րդ հոդվածում հստակ գրված է, որ Հայաստանում գազի ներքին գինը կախված է դրամ/դոլար փոխարժեքից: Այսինքն, քանի որ դրամը դոլարի նկատմամբ շուրջ 10 տոկոսով արժեզրկվել է, «Գազպրոմ Արմենիա» դարձած նախկին «Հայռուսգազարդը» այժմ կարող է դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով և պահանջել գազի գնի նույնքան բարձրացում՝ «Բա, ես գազը դոլարով եմ գնում, դոլարին համարժեք գնով էլ պիտի վաճառեմ» արդարացմամբ:
Այս ամենի արդյունքում Հայաստանում գազ սպառողներս դրա մի խորանարդ մետրի դիմաց վճարում ենք 156 դրամ, ինչը ներկայիս փոխարժեքով կազմում է համարյա 20 ռուբլի՝ Ռուսաստանում ներքին գնից ուղիղ 4 անգամ ավել: Այն կազմում է մոտ նույնքան, որքան վճարում են Ռուսատանի քաղաքական հակառակորդներ Ռումինիայի և Լեհաստանի բնակիչները, և 3,5 անգամ ավելի թանկ, քան Ռուսաստանի ռազմական թշնամի Ուկրաինայի բնակիչները:
Դանիել Իոննիսյան
Աղբյուրը` http://hetq.am/arm/news/57958/gazi-gni-eraki-blefy.html
Հետևեք մեզ նաև Telegram-ում